ՎիվաՍել-ՄՏՍ-ը` կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման աջակից

Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է համակարգված աջակցություն: Այդ տրամաբանությամբ առաջնորդվող՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տարիներ շարունակ ծրագրեր է իրականացնել տարբեր ոլորտներում: Հավատարիմ մնալով պատասխանատու գործելաոճին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական ներդրումն է կատարել Արմավիրի մարզում:

Քարակերտ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Դալարիկ, Շենիկ, Արգինա և Արթենի համայնքներում գործող դպրոցներից 9-ը համալրվել են կրթության ժամանակակից տեխնոլոգիաներով. ստեղծվել են  Wi-Fi անկյուններ և տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 11 հատ 3G երթուղիչ:

Համակարգված աջակցություն դրսևորելուն նպաստել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը: Վերջինիս հիմնանորոգած Քարակերտի թիվ 1 դպրոցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել և իրականացրել է տարրական դպրոցի մոդելային դասասենյակի նորոգումն ու կահավորումը: Դասասենյակը բաղկացած է 2 մասից: Դրանցից առաջինը նախատեսված է դասերի, երկրորդը` խմբային աշխատանքների, խաղերի և հանգստի համար: Նորարար մոտեցում է պատ-գրատախտակը:

Ընդհանուր առմամբ, այս և վերը նշված ծրագրերի համար  ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 3 մլն 850 հազար դրամ:

«Երկրի առաջընթացն ապահովելու նախապայմանը մայրաքաղաքին զուգահեռ`գյուղական համայնքների համաչափ զարգացումն է: Գյուղում բացառապես գյուղատնտեսությունը խթանելու ընկալումը վաղուց իրեն սպառած մոտեցում է դարձել: Տեխնոլոգիական նորագույն լուծումներով աշխարհի հետ հաղորդակցվելու մարտահրավերն արդիական է` անկախ բնակության վայրից: Նորարար լուծումներով այս դպրոցն աշակերտներին թույլ կտա ինքնադրսևորվել և կայանալ հաճելի միջավայրում: Ստեղծված են բոլոր պայմանները` խելացի, ստեղծագործող և բացահայտող սաներից հրաշալի անհատներ ձևավորելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Քարակերտի թիվ 1 դպրոցում Wi-Fi անկյուններ են գործելու դասարանի ժամանակակից մոդել ներկայացնող ստեղծագործարանում և անգլերենի դասասենյակում: Ի դեպ, յուրահատուկ լուծում առաջարկող ստեղծագործարանը կրթական նորամուծություն է: Նույն տարածքում դպրոցի գրադարանի և համակարգչային սենյակի առկայությունը, դասեր և միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը խթանում են աշակերտի ստեղծագործականությունը: