Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկում է մարզերում

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի մեկնարկի մասին:

2013թ-ի մարտ ամսվա ընթացքում Սյունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների աշխատանքներին: Ծրագրի ֆիլմերը կցուցադրվեն մարզերի շրջկենտրոններում` Գորիս, Հրազդան և Աշտարակ քաղաքներում:

«Հայաստանում կինոարվեստն ավանդաբար եղել է և մնում է պահանջված: Հայ կինոարվեստի դպրոցն աշխարհին տվել է բազմաթիվ մեծ ռեժիսորներ, դերասաններ և օպերատորներ: Հարուստ մշակութային կյանքը մարզերում  նպաստում է նորանոր անունների ի հայտ գալուն: Այդ իսկ պատճառով, մենք կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու համաշխարհային կինեմոտոգրաֆիայի նոր գործերի  հետ, զգալու ինչով է շնչում աշխարհը, մտորելու այն խնդիրների մասին, որոնք մտահոգում են օտարերկրյա արվեստի գործիչներին: Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երևանում, այլ մեր երկրի տարբեր մարզերում»,- նշեց  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և հիշարժան աշխատանքները: Մենք առաջարկում ենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից մինչև փաստավավերագրական ֆիլմ: Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը պատմություններ են Մեծ Բրիտանիայի հասարակության մասին, քաղաքացիների առօրյայի, նրանց հույզերի և մտորումների մասին»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Մարտի 16-ից մինչև 18-ը ֆիլմերը կցուցադրվեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Պետական Դրամատիկական թատրոնում:  Մարտի 19-ից մինչև 21-ն կցուցադրվեն Արագածոտնի մարզի Աշտարակի մշակութային կենտրոնում, իսկ մարտի 22-ից մինչև 24-ը` Կոտայքի մարզի Քաղաքային Դրամատիկական թատրոնում: Ընդհանուր առմամաբ, մարզերի բնակիչները Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կարող են դիտել 9 ֆիլմ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Բրիտանական ֆիլմերի փառատոնը միացել է այս նախաձեռնությանը: Փառատոնի  կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:

Մարզային ծրագրի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև զորամասերում: