ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբում»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբում»` բիզնեսի կառավարման և նորարարության ռազմավարական նշանակության մասին բանախոսելու համար: Դասախոսությունն ընդգրկել է կարևոր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` գործարար կառավարումը և առաջնորդությունը, Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը, և այլն: Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաև տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ` Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ենթակառուցվածքների ներկա վիճակի և զարգացման միտումների մասին, նշելով, որ հեռահաղորդակցության ոլորտը խթանիչ ուժ է` տնտեսության այլ հատվածների, մասնավորապես` ՏՏ ոլորտի զարգացման համար:

«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» մի հարկի տակ է համախմբում Հարվարդի բոլոր շրջանավարտներին, հանդիպումներ է կազմակերպում անվանի գործարարների, գիտնականների հետ` նրանց քաջալերելով իրենց փորձն ու գիտելիքները կիսել ինտերակտիվ քննարկումների միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից ելնելով` Ռալֆ Յիրիկյանը դասախոսության սկզբում որոշ դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ:

«Գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներից, ապրանքներից, ծառայություններից, սարքավորումներից զատ, ցանկացած կազմակերպության նաև անհրաժեշտ է ունենալ այնպիսի կենսական և կարևոր ռեսուրս, ինչպիսին ընկերության աշխատակազմն է` մարդիկ, որոնց պարզապես հնարավոր չէ ձեռք բերել մատակարարներից, կամ հեշտությամբ գտնել աշխատաշուկայում: Գործունեության սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջ ծառացած հիմնական մարտահրավերը եղել է երկրում մարդկային ռեսուրսների սակավությունը: Մեր ընկերությունը որոշում է կայացրել հավաքագրել երիտասարդ շրջանավարտների, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ շատ ավելի հեշտ է երիտասարդ տարիքից մասնագիտացնել նրանց և առաջնորդել կորպորատիվ հիմնարար արժեքներով»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործող կառավարման մշակույթը՝ Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը ենթադրում է ոչ թե բոլոր որոշումների միանձնյա կայացում, այլ բիզնեսի ռազմավարության և նպատակների մշակում, և համապատասխան աշխատակիցների կողմից դրանց իրականացմանն աջակցություն: «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր աշխատակից առաջնորդվի պատասխանատվության որոշակի զգացումով», – ավելացրել է նա:

Ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է LTE տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված 4G ցանցի ընդլայնումը, որը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է 2011 թ. դեկտեմբերի 28-ին` ստեղծելով բիզնեսի համար առավել ժամանակակից ենթակառուցվածք և Հայաստանը դիրքավորելով որպես տեխնոլոգիապես առաջատար երկիր ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: 4G/LTE ցանցի փաստացի արագությունը մոտ 10 անգամ ավելի է այժմ գործող 3G ցանցի արագությունից:

Հեռահաղորդակցության ոլորտը ՏՀՏ ոլորտի աճի հիմնական խթանն է: Հայաստանյան ընկերությունները, սակայն, պետք է ակտիվ լինեն և սատարեն ոչ թե դրսի, այլ առավելապես միմյանց գործունեությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն, օրինակ, առանձին ենթակառուցվածքների վերաբերյալ ծրագրային լուծումները նախընտրում է պատվիրել հայկական ընկերություններին, այդ կերպ նպաստելով ՏՏ ոլորտի` Հայաստանի մրցակցային առավելությունը դառնալու գործընթացին: