Հայոց ցեղասպանության վիրտուալ թանգարանը հասանելի կլինի սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված հավելվածի տեսքով 2014թ.–ի վերջին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վիրտուալ թանգարանը և Ծիծեռնակաբերդի վիրտուալ հուշահամալիրը հասանելի կլինի սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված հավելվածի տեսքով հաջորդ տարվա վերջին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Memco Inc ընկերության հայկական մասնաճյուղի տնօրեն Արման Զաքարյանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վիրտուալ թանգարան և Ծիծեռնակաբերդի վիրտուալ հուշահամալիրը, որը բացվել է 1915թ.–ի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 98–րդ տարելիցի հետ կապված, ստեղծվել է Memco Inc ամերիկյան ընկերության նախաձեռնությամբ և ընկերության նվերն է Ցեղասպանության թանգարան–ինստիտուտին։

«Պլանշետների և սմարթֆոնների օգտատերերի համար նախատեսված վիրտուալ թանգարանը կգործի 2014թ.–ի վերջին` Android և iOS օպերացիոն համակարգի հիման վրա»,– ասաց Զաքարյանը։

Նախագիծն այցելուին հնարավորություն է ընձեռում վիրտուալ այցելել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, ծանոթանալ Թանգարանում ներկայացրած փաստաթղթերին, լուսանկարներին և այլ նյութերին, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության մասին։ Կայքի այցելուները կարող են նաև այցելել Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դնել անմար կրակին։

Դրա համար Վիրտուալ թանգարանի այցելուները պետք է այցելեն http://www.genocide-museum.am կայք և ներբեռնեն առաջարկվող հավելվածը։ Այնուհետև այցելուն կարող է վիրտուալ կերպով շրջել համալիրի և թանգարանի տարածքով` համակարգչային մկնիկի կամ ստեղնաշարի օգնությամբ։ Ծրագիրը թույլ է տալիս այցելել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ռեժիմով։ «Այցի» ընթացքում այցելուները կարող են «Կոմիտաս» քառյակի կատարումները լսել։

Memco Inc ընկերության հասարակայնության հետ կապի պատասխանատու Աննա Պետրոսյանն իր հերթին ընդգծեց, որ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի առցանց տարբերակը հիանալի հնարավորություն է ընձեռում հուշահամալիր այցելել նրանց, ովքեր չեն կարող դա անել առողջության կամ իրենց գտնվելու վայրի պատճառով։

«Շատ մարդիկ կան, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ապրիլի 24–ին գնտնվել Երևանում, և մեր նախագիծը կօգնի նրանց իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում։ Բացի այդ, վիրտուալ թանգարանը ևս մի հիանալի հնարավորություն է աշխարհին հիշեցնելու 19151թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության պատմության, հայկական ողբերգության մասին»,– ասաց Պետրոսյանը։

Ըստ Memco Inc. ընկերության նախագահ Կարեն Մելիքյանի` թանգարանը ստեղծելու գաղափարն առաջացել է իր մոտ այն պատճառով, որ բնակվելով ԱՄՆ–ում` չէր կարող ամեն տարի այցելել Ծիծեռնակաբերդ։
1915թ.–ի Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Telecom.Arca

Բաժիններ: Համացանց և կապ