Տեխնոլոգիական ոլորտի հրատապ խնդիրների լուծման շուրջ ոլորտի ներկայացուցիչները համախմբվել են «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակում

Հունիսի 28-30-ը «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների քննարկումների օրակարգում կլինեն ոլորտի զարգացման հիմնահարցեր, մասնավորապես`

– Տեխնոլոգիական ընկերությունների համար պետական տենդերների մասնակցության ժամանակ առաջացող խնդիրները

– Հայաստանի ՏՀՏ մրցունակության ապահովման համար անհրաժեշտ հարկային և այլ օրենսդրական փոփոխությունները

– Սփյուռքի տեխնոլոգիական-մասնագիտական ներուժի հայտնաբերում և ներգրավում՝ խորհրդատվական, ներդրումային և կրթական աջակցություն ստանալու և տեխնոլոգիական լուծումներն արտերկրում վաճառելու համար

– ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգի դրույթների կատարումն ապահովող առաջնային գործողությունների ծրագիր

Միության ջանքերով 2012 թվականի ընթացքում արդեն իսկ լուծում են ստացել մաքսային և հարկային ոլորտի որոշ խնդիրներ, մասնավորապես` ՀՀ Մաքսային օրենսգրքի 48 հոդվածում ներառվել է երաշխիքային սպասարկումը կարգավորող դրույթը, ինչը նպաստում է ՏՀՏ ոլորտում գործող ընկերությունների կողմից ներմուծվող երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների  երաշխիքային սպասարկման իրականացմանը: Բացի այդ, հարկային օրենսդրությունում կատարվեց փոփոխություն` համաձայն որի գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինովացիոն գործունեության ոլորտում կատարվող ներդրումները ճանաչվեցին որպես ծախս: Սակայն 2013թ. հարկային օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված առաջ են եկել մի շարք խնդիրներ, ինչպես նաև վեր են հանվել Հյաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հետ կապված թե հարկային և թե մաքսային ոլորտի խնդիրներ, որոնցից են` վճարային փաստաթղթերի չեղարկման խնդիրը, էլեկտրոնային առևտրի դեպքում միջազգային վճարահաշվարկային համակարգերի կողմից տրված փաստաթղթերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից որպես ծախսագրման փաստաթղթեր չընդունելու խնդիրը,   էլեկտրոնային հայտարարագրման դեպքում կիրառվող մաքսավճարի խնդիրը և այլն:

Այս ամենից բացի, հարևան երկրներում ՏՀՏ ոլորտին զգալի հարկային արտոնությունների տրամադրումը խաթարում է մեր երկրի մրցունակությունը արտաքին շուկաներում:

Ֆորումը անցնում է Դիլիջանի  «Բեստ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: