Առաջին անգամ Հայաստանում. ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է մշակութային վայրերում տեսակրպակների տեղադրման նախագիծ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Խոր Վիրապի վանական համալիրի տարածքում տեղադրել է տեսակրպակ: Հայաստանում նման տեսակրպակ առաջին անգամ տեղադրվել է Էջմիածնի Սբ Գայանե եկեղեցու տարածքում: Նախագծի նպատակը հայկական մշակութային հուշարձանների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի՝ որպես տուրիստական գրավչության գոտու դիրքերի ամրապնդմանը նպաստելն է:

Տեսակրպակը տեղադրված է Սբ Գևորգ եկեղեցու առջև: Եկեղեցու ներսում է գտնվում այն վիրապը, ուր անազատության մեջ էր պահվում Գրիգոր Լուսավորիչը: Տեսակրպակն այցելուներին հնարավորություն կտա նկարահանել մեկ րոպե տևողությամբ տեսանյութ և այն էլեկտրոնային փոստով ուղարկել մտերիմներին ու ընկերներին: Ծառայության արժեքը 500 դրամ է: Տեսասարքը տեղադրված է այնպիսի դիրքով, որպեսզի տեսագրության երկրորդ պլանում երևա հուշարձանը: Հաղորդագրության մեջ ներառվում է տեղեկատվական ծանուցում` տվյալ հուշարձանի վերաբերյալ: Դա  հաղորդագրություն ստացողին հնարավորություն կտա եկեղեցու բակում գտնվողից ողջույն ստանալուն զուգահեռ` ծանոթանալ նաև հուշարձանի պատմությանը: Սարքը թույլ է տալիս հաղորդագրություններն ուղարկել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն լեզուներով:

«Տեսակրպակը հիշարժան պահերն առցանց հավերաժացնելու և տպավորություններով կիսվելու ամենադյուրին և արագ հնարավորություն է` հեռվում գտնվող ընտանիքի անդամների և ընկերների հետ: Այս լուծման և ՎիվաՍել-ՄՏՍ-ի  գերարագ ինտերնետի շնորհիվ, պատմական և մշակութային հետաքրքրություն ներկայացնող հերթական վայրն այսուհետև ապահովված է գրավչությունն աշխարհին ցուցադրելու հարմարավետ հնարավորությամբ: Ընդհանուր առմամբ, տեսակրպակների տեղադրման նախագիծը հրաշալի գործիք է`Հայաստանը զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում ընդգրկելու համար: Այս լուծումը կօգնի նաև զբոսաշրջիկ-Հայաստան զգացմունքային կապի  ստեղծմանը և  քաղաքակրթությունների զարգացման  տիրույթում մեր հայրենիքի անունը մտապահելուն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաժիններ: Uncategorized