Տեխնոլոգիական ձեռներեցության լավագույն նախագծերն արդեն հայտնի են

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին, «ԱրմենՏել» ընկերության գրասենյակում կամփոփվեն DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի արդյունքները: Կներկայացվեն լավագույն նախագծերը և տեղի կունենա մրցանակաբաշխություն:

Մասնակիցների համար կկազմակերպվի նաև այցելություն «ԱրմենՏել» ՓԲԸ Կապի թանգարան և ճամբարի երիտասարդ մասնակիցները կծանոթանան հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին:

Հիշեցնենք, որ DigiCamp ճամբարը, որի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Միջոցառման նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:

Ճամբարի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: