«ԲարՔեմփ Գյումրի 2013»-ը հետաձգվում է 1 շաբաթով

«ԲարՔեմփ Գյումրի 2013» տեխնոլոգիական (չ)կոնֆերանսի անցկացման օրերը փոխվել են: Այս մասին տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները «ԲարՔեմփ Գյումրի»-ի պաշտոնական կայքում:

«Մի փոքր ֆինանսական խնդրի առաջ ենք կանգնել»,-գրում են կազմակերպիչները: Նրանց խոսքով, (չ)կոնֆերանսը կանցկացվի սեպտեմբերի 28-29-ը սեպտեմբերի 21-22-ի փոխարեն Գյումրու «Մուշ» թաղամասի նորակառույց «Թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում:

Նշենք, որ սա արդեն 2-րդ «ԲարՔեմփ Գյումրի»-ն է: Միջոցառումը կանցկացվի «Մշակույթը ու Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները» խորագրի ներքո: Միջոցառմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Գյումրու քաղաքապետարանը:

Մանրամասն տեղեկություններ (չ)կոնֆերանսի մասին կարող եք ստանալ gyumri.barcamp.am-ում:

Հիշենք, որ ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում և ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ Երևանում առաջին անգամ ԲարՔեմփ (չ)կոնֆերանս անցկացվել է 2009: Արդեն 5 տարի է, ինչ միջոցառումը պարբերական բնույթ է կրում և տարածվում է Հայաստանի այլ մարզեր: