Android iMessage-ը հեռացվել է Google Play կատալոգից

iMessage Android անվճար ծրագիրը հանել են Google Play կատալոգից՝ անվտանգության նկատառումներով: Այս ծրագիրը նախատեսված է Apple ընկերության սարքավորումների միջև հաղորդագրությունների փոխանակման համար, իսկ վերջերս նաև Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Ծրագիրն աշխատում է սխալներով ու ոչ բոլորի մոտ:

Օգտագործողի սարքից կապ է հաստատվում չինական 222.77.191.206:5332 սերվերի հետ, որն իր հերթին մուտք է գործում Apple iMessage ծառայություն (https://service.ess.apple.com:443 և https://service2.ess.apple.com:443) օգտատիրոջ անունից, նրա Apple ID-ով և գաղտնաբառով, ապա վերահասցեավորում հաղորդագրությունը:

Ծրագրի թողարկումից անմիջապես հետո վտանգ կար, որ Apple-ը կարգելափակի այն, սակայն հարվածը եկավ Google-ի կողմից, որը հանեց այս ծրագիրը Google Play կատալոգից՝ Apple ID տվյալների գողացման և այլ նպատակներով օգտագործման կասկածանքով:

Նշենք, որ Android iMessage-ը դեռ կարելի է առանձին բեռնել մշակողի կայքից և տեղադրել ձեր Android սարքում, եթե այնուամենայնիվ վստահում եք այս ծրագրի ստեղծողներին:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր