Վաղը Երևանում կմեկնարկի 2-րդ «Վիքիկոնֆերանսը»

Հոկտեմբերի 5-6-ը Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի երկրորդ միջազգային «Վիքիկոնֆերանսը»՝ Վիքիպեդիային և քույր նախագծերին նվիրված ֆորումը։ Այս տարի վիքիկոնֆերանսը տեղի կունենա Ամերիկյան համալսարանում՝ Հայ մատենագրության թվանշային գրադարանի սրտաբաց հրավերով։

Կոնֆերանսին մասնակցելու են հյուրեր ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից և Արգենտինայից (խոսնակների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ)։ Այս մասին տեղեկացնում է «Վիքիմեդիա Հայաստան»-ն իր պաշտոնական կայքում:

Քննարկվող թեմաներն են՝ հայագիտական և լեզվաբանական խնդիրներ, կրթական ծրագրեր, ծրագրային և տեխնիկական հարցեր, և այսպես կոչված վիքի-ռոբոտներ՝ բոտեր։ Ելույթներին զուհահեռ լինելու են վորքշոփեր, որտեղ տեսականից անցում կկատարվի գործնական հմտություններին։

Միջոցառման ընթացքում «Վիքիկոնֆերանսի» մասնակիցները կնշեն մի կարևոր իրադարձությունը. հայերեն Վիքիպեդիան հոդվածների քանակն անցած տարվա ընթացքում եռապատկվել է և այժմ այդ ցուցանիշով Հայերեն Վիքիպեդիան գերազանցում է հարևաններին՝ Վրացերեն և Ադրբեջաներեն Վիքիպեդիաներին։

«Վիքիկոնֆերանսը»-ի մուտքն ազատ է: Կոնֆերանսի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։ Իսկ ելույթներին և վորքշոփերին՝ այստեղ։