ՀՊՃՀ ուսանողները ԴիջիԹեքին ներկայացրեցին ռազմական նպատակներում կիրառելի սարքավորումներ

ՀՊՃՀ ուսանողները ԴիջիԹեքին ներկայացրեցին ռազմական նպատակներում կիրառելի սարքավորումներ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները «Digitec Expo 2013»-ին մեծ շրջանաձև տաղավարների շարքում ներկայացնում էին National Instruments ընկերության օգնությամբ ստեղծված իրենց սարքավորումները: itTREND.am-ը զրուցեց երկու ուսանողների հետ, որոնք մանրամասն պատմեցին իրենց պատրաստած սարքավորումների մասին: ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Վարոսյանը պատմեց իր GPS համակարգի մոդելավորման սարքավորման մասին:

«Համակարգը թույլ է տալիս իրականացնել GPS ազդանշանների գեներացիա, այսինքն ճառագայթում է GPS ազդանշաններ, որը կատարում է արբանյակը: Այն փոխարինում է երեք կամ չորս արբանյակների` ընտրելով Google Maps-ից ցանկացած վայրի կոորդինատներ: Ես տեղադրել եմ դրանք LiveView ծրագրի մեջ, որի միջոցով GPS նավիգատորը միացնելու դեպքում մենք կարող ենք հայտնվել այն վայրում, որտեղ ցանկանում ենք: Այսինքն այս սարքավորման միջոցով դուք կարող եք խաբել ինչ-որ մեկին և ապացուցել GPS-ով, որ դուք գտնվում եք Լոս Անջելեսում, մինչդեռ դուք այստեղ եք՝ Երևանում, Մերգելյան Ինստիտուտում: Իմ համակարգը պրակտիկայում կարող է օգտագործվել օրինակ ռազմական նպատակներով»,- նշեց նա:

itTREND.am-ը զրուցեց նաև ՀՊՃՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Մանուկյանի հետ: Նա պատմեց իր թվային սուպերհետերոդինային հաճախության փոխակերպչի մասին:

«Digital Down Converter-ը բարձր հաճախականության տիրույթից ազդանշանը տեղափոխում է ցածր հաճախականության տիրույթ: Սարքավորումը կարող է ընդունել ցանկացած հաճախության ազդանշան, իսկ օրինակ բջջային հեռախոսների միջի ընդունիչները ունակ են ընկալել ազդանշաններ 900 ՄՀց տիրույթում: Նորարարությունը կարող է օգտագործվել բոլոր ոլորտներում, օրինակ ռազմական, կապի կամ ֆինանսական շուկաների»,- պատմեց Ռոբերտը: