Wiki Zero նախագիծը ներկայացվեց «Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ին

Wiki Zero նախագիծը ներկայացվեց «Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ին

wikipedia-zero

Հոկտեմբերի 5-6-ը Երևանում տեղի ունեցած «Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ին Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայացուցիչ Յուրի Աստրախանը ներկայացրեց իր Wikipedia Zero նախագիծը: Ծրագրի նպատակն է զարգացող երկրներում հասանելի դարձնել ազատ բովանդակությունը բջջային հեռախոսների միջոցով:

Նախագիծը իրականության է վերածվել Քեյփթաունի աղքատ թաղամասերից մեկի աշակերտների ջանքերով: Նրանք տեսանյութ են պատրաստել, ուր խնդրում են իրենց բջջային օպերատորներին անվճար դարձնել մուտքը դեպի աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը: Տեսանյութը ոգևորել է Վիքիմեդիա Հիմնադրամին և նրանք իրականացրել են երեխաների ցանկությունը: ԱՄՆ-ում աշխատող Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայացուցիր Յուրի Աստրախանը նշում է, որ Քեյփթաունում երեխաները չունեն դասագրքեր, համակարգիչներ, ինտերնետի հասանելիություն և այլ նյութեր սովորելու համար ու բջջային հեռախոսը միակ գործիքն է որի միջոցով նրանք կարող են նոր գիտելիքներ ստանալ:

Wikipedia Zero-ն հաջողության է հասել Հյուսիսային Աֆրիկայում: Վիքիմեդիա Հիմնադրամը խոստանում է համագործակցել բջջային օպերատորների հետ նաև այլ զարգացող երկրներում, որտեղ մոբայլ վիքիպեդիան կարող է ինֆորմացիայի հիմնական աղբյուր դառնալ շատերի համար: