Հայտնաբերվել է նոր Android տրոյան

Հայտնաբերվել է նոր Android տրոյան

Android VirusAndroid բջջային ՕՀ-ի համար գրված նոր վիրուսը կարողանում է աննկատ մնալ հակավիրուսային ծրագրերի ուշադրությունից: Այս մասին հաղորդում է «Доктор Веб» ռուսական ինֆորմացիոն անվտանգությամբ զբաղվող ընկերությունը:

Նոր տրոյանը նախատեսված է օգտագործողներից անձնական ինֆորմացիան գողանալու համար: Իր կառուցվածքով այն նման է մնացած տրոյաններին, սակայն ի տարբերություն մնացածի՝ Android.Spy.40.origin-ի ստեղծողները օգտագործել են Android օպերացիոն համակարգի խոցելիությունը, որը թույլ է տալիս նրան խուսափել հակավիրուսային ծրագրերի կողմից ստուգվելուց:

Ներկայումս տրոյանը տարածվել է Հարավային Կորեայում և շուտով կարող է հասնել նաև այլ երկրներ: Այն հիմնականում տարածվում է անցանկալի sms հաղորդագրությունների միջոցով, որոնց մեջ գտնվում է վնասակար apk ֆայլի հղումը: Տեղադրման ժամանակ ծրագիրը ադմինիստրատորի իրավունքների ստացման հարցում է կատարում և հետո ջնջում է իր նշանը հավելվածների ցուցակից՝ գաղտնի շարունակելով իր գործողությունները:

Android.Spy.40.origin-ի շնորհիվ հաքերները կարող են հասանելիություն ստանալ օգտագործողների հաղորդագրություններին, բանկային հաշիվներին, ինչպես նաև միանգամյա օգտագործման կոդերին, որոնք պահանջվում են բանկային գործարքների ժամանակ:

Աղբյուրը՝ Digit.ru