ONEArmenia-ն հայտարարում է SHIFT:Tech դրամաշնորհի մրցույթ

SHIFTTechlaunch07Իր հիմնադրման միամյակի առթիվ ONEArmenia ՀԿ-ն հայտարարու է SHIFT:Tech ծրագիրը: SHIFT:Tech-ը հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկայացնել թվային տեխնոլոգիաների աշխատածրագրերի իրենց գաղափարները և մրցել՝ ստանալու 25000 ԱՄՆ դոլլար մրցանակ այդ գաղափարներն իրագործելու համար: Ծրագիրը նպաստում է, որպեսզի Հայաստանը համաշխարհային ասպարեզում ներկայանա որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւոր դերակատար:

SHIFT:Tech-ի լավագույն հինգ դիմումների հեղինակները կհրավիրվեն մասնագիտական ստուգատեսի: Հաղթողը կմիանա Երեւանում «Social Objects» բջջային հեռախոսների աշխատածրագրերի զարգացման նորաբաց ընկերությանը, որպեսզի իր գաղափարը վերածի իսկական ծրագրային գլուխգործոցի: Ծրագիրը կունենա բարձր որակավորմամբ մասնագետների թիմ: Բացի այդ 25000 ԱՄՆ դոլլար անկանխիկ դրամաշնորհի մի մասը կհատկացվի մարքետինգին եւ աշխատածրագիրը շուկայում ներկայացնելուն: Մրցույթի դիմումներն ընդունվում են մինչեւ ս.թ. նոյեմբերի 5-ը:

«ONEArmenia-ն սկսել է SHIFT նախաձեռնությունը, որպեսզի Հայաստանում մարդիկ ինչ-որ դրական շարժի ակնկալիք ունենան: Սա վճռորոշ պահ է՝ երիտասարդ սերնդի ուշադրությունը ուղղորդելու դեպի ապագան, որտեղ թվային տեխնոլոգիաների շնորհիվ ամեն ինչ հնարավոր է»,- ասում է ONEArmenia-ի տնօրեն Դեյվիդ Բեքեթը:

SHIFT:Tech-ը ONEArmenia-ի երկրորդ խոշոր նախաձեռնությունն է՝ միտված Հայաստանի նշանակությունը համաշխարհային նորարարական շուկայում զարգացնելուն: Առաջինը SHIFT:Culture նախագիծն էր, որը մեկնարկեց 2013-ի գարնանը: Նախագիծը հրավիրեց համաշխարհային հանրությանը առաջ քաշելու համարձակ գաղափարներ՝ Հայաստանում մշակութային մթնոլորտը արդիականացնելու և այն նորովի ներկայացնելու համար:

Մրցույթի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ onearmenia.org/shift հասցեում: