Ծնողները կկարողանան վերահսկել իրենց երեխաների գործողությունները Chrome-ում

Ծնողները կկարողանան վերահսկել իրենց երեխաների գործողությունները Chrome-ում

Google ChromeGoogle-ի բրաուզերի բետա տարբերակում երեքշաբթի օրվանից սկսել է գործել ծնողական վերահսկողության հնարավորությունը, որի շուրջ բազմաթիվ լուրեր էին տարածվել ցանցում: Նոր համակարգը ստեղծվել է ամերիկյան ընկերության նախագծողների կողմից՝ Google Chrome-ը և Chrome OS օպերացիոն համակարգը ծնողների և ուսուցիչների համար ավելի հարմար դարձնելու նպատակով:

Ինտերնետային հսկայի Chromebook-երը վաճառքների լավ ցուցանիշներ են ցույց տվել ԱՄՆ-ի համակարգիչների շուկայում: Համեմատաբար ցածր արժեք ունեցող դյուրակիր համակարգիչները մեծ ուշադրության են արժանացել ԱՄՆ կրթական համակարգում՝ իրենց ցածր գնի և սովորեցնելու համար հարմար ստեղնաշարի շնորհիվ: Այդ պատճառով ընկերությունը որոշել է ավելի ցանկալի դարձնել իր արտադրանքը՝ ներմուծելով Chrome OS-ի մեջ ծնողական վերահսկողության հնարավորությունը:

Ծնողները կարող են երեխաների համար նոր հաշիվներ ստեղծել, որոնք հնարավոր կլինի վերահսկել հիմնական օգտագործողի հաշվից: Կարելի է տեսնել, թե ինչ կայքեր է այցելել երեխան, ստեղծել կայքէջերի սպիտակ և սև ցուցակներ, կառավարել արգելափակված կայքերի ցուցակը և այլն:

Աղբյուրը՝ cnet.com