Tesla Model S մեքենան կունենա Google Chrome և նոր հավելվածներ

car_photoTesla-ն այսօր Մյունխենում ներկայացրել է իր Model S մեքենան և գալիք տարում սպասվող բարելավումները: Ընկերության տնօրեն Էլոն Մասկը նշել է, որ նոր ծրագրային ապահովման մեջ հասանելի կլինեն նաև Google Chrome զննարկիչը և այլ երրորդ կողմի արտադրանք հանդիսացող հավելվածներ: Մեքենան աշխատում է Linux օպերացիոն համակարգի վրա հիմնված ծրագրային ապահովմամբ: 2014 տարվա վերջին այն կստանա նաև Android էմուլյատոր և հետևաբար նաև տարբեր հավելվածներ օգտագործելու հնարավորություն, ներառյալ Google Chrome-ը:

Tesla Motors-ը Կալիֆորնիայում ստեղծված բաց բաժնետիրական ընկերություն է, որը հայտնի է իր ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող սպորտային մեքենաներով: Model S-ը էլեկտրական շքեղ սեդան է, որը ընկերության վերջին մոդելն է: Այն հնարավոր է ձեռք բերել ԱՄՆ-ում 64000 դոլարով, ներառյալ ֆեդերատիվ հարկերը:

 Աղբյուրը՝ engadget.com