Android օպերացիոն համակարգի CyanogenMod մոդիֆիկացիան հայտնվել է Google Play օնլայն խանութում: Այժմ շատ ավելի հեշտ կլինի տեղադրել այս ՕՀ-ն սմարթֆոնի վրա, քանի որ CyanogenMod Installer-ը հեշտացնում է այդ գործընթացը՝ թույլ տալով տեղադրումը կատարել ավտոմատ ռեժիմում: Օգտագործողից պահանջվում է միայն միացնել սմարթֆոնը համակարգչին, որի վրա նախապես տեղադրված կլինի վերոնշյալ հավելվածը:
Այս պահին CyanogenMod-ը հասանելի է Samsung Galaxy S II, S III, S4, Note և Note 2, Nexus 4, HTC One սմարթֆոնների, ինչպես նաև Nexus 7 պլանշետի համար: Cyanogen-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս ցանկը պարբերաբար կթարմացվի նոր մոդելներով:
«Մենք հեշտացրել ենք ՕՀ-ի տեղադրումը, որպեսզի հնարավորություն տանք օգտագործողներին ծանոթանալ CyanogenMod-ի առանձնահատկություններին», – ասել է Cyanogen-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Սթիվ Կոնդիկը:
Ըստ Forbes-ի՝ մինչև այժմ CyanogenMod-ի բեռնումների թիվը հասել է 40 միլիոնի: Ընկերության ղեկավարները, հեշտացնելով ՕՀ-ի տեղադրումը, հույս ունեն զգալիորեն մեծացնել այս թիվը:
Աղբյուրը՝ Mashable.com