Ցուգիո Մակիմոտոն հանդես եկավ մամլո ասուլիսով և հանդիպեց ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Այսօր Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ կայացած մամլո ասուլիսից հետո, ՏՏ ոլորտի գործարար ներկայացուցիչների առջև հանդես էր եկել «Կիսահաղորդիչների ոլորտի նորարարությունների ազդեցությունը մեր հասարակությունների վրա» դասախոսությամբ:

Ցուգիո Մակիմոտոն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2013-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013) ստանալու: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ Նախագահի նստավայրում՝ ս.թ. նոյեմբերի 15-ին:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Ցուգիո Մակիմոտոն թվով չորրորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Սինապտիկս ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը երրորդ մրցանակակիրն է:

Ինչպես և նախկինում, 2013-ին ևս, մրցանակի ֆինանսավորումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը՝ տրամադրելով 22 միլիոն դրամ:

«Ժամանակակից աշխարհում, ուր երկրների մրցակցային առավելությունները դրսևորվում են տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման ասպարեզներում, ՏՏ-ն համարվում է երկրի տնտեսական աճի առանցքային գործոններից մեկը: Տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում աշխատելով և հայաստանցի մասնագետների ամենօրյա ձեռքբերումների ականատեսը լինելով՝ մենք վստահ ենք, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների և, որպես արդյունք՝ նաև տնտեսական աճի, չիրացված հսկայական ներուժ ունի: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք աջակցել այս ոլորտի շարունակական զարգացմանը նպաստող ազգային ծրագրերին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը սատարում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը, քանի որ այն հիանալի միջոց է համաշխարհային մակարդակով ՏՏ ոլորտում Հայաստանի հեղինակությունն  ու դիրքը ամրապնդելու համար»,-հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

Մրցանակը հնարավորություն է ընձեռում խրախուսելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և մեծ կարևորություն ունի աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների զգալի պոտենցիալ ունեցող երկիր ներկայացնելու առումով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է՝ հայաստանյան երիտասարդությունը տաղանդավոր է և ինքնազարգացման հսկայական ներուժ ունի: Հետևաբար, անհրաժեշտ է աջակցել երիտասարդությանը՝ իր պոտենցիալն իրացնելու, ինքնադրսևորվելու և զարգացման ուղին գտնելու գործում: Մրցանակը հնարավորություն է ընձեռում հայաստանցի երիտասարդների ուշադրությունն ուղղելու դեպի ՏՏ ոլորտը: