Dasaran.am-ը կհամալրվի ԶՈՒ մասին էջով

dasaran am ZU

«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ` շուտով  մեր սիրելի աշակերտներին կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով մեր աշակերտների շրջանում բարձրացնել Հայաստանի զինված ուժերի մասին իրազեկությունը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը` սկսած դպրոցից:

 Մասնավորապես, նախատեսվում է «Dasaran.am»-ի կայքում բացել զինված ուժերին վերաբերող պաշտոնական էջ, որտեղ կշոշափվեն բանակի առօրյա անցուդարձի մասին մեր աշակերտներին հետաքրքրող բազմաբնույթ հարցեր։ Նորարարական մեթոդով կուսուցանվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան. աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ ազգային հերոսներին և ռազմական պատմությանն առնչվող թեմաներին, տեղեկանալ ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների մասին, առաջարկվող զինվորական մասնագիտություններին և ընդունելության կարգին, իրազեկվել զինված ուժերում մարդու իրավունքներին:

Նախաձեռնությունը հնարավորություն կտա նորարարական և ստեղծագործական լուծումներով շոշափելի ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության աշակերտների շրջանում ռազմական և հայրենասիրական դաստիարակության խթանման գործում:

«Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ: