Ինտերնետի բացակայությունը կատաստրոֆիկ է. Անդրեյ Պյատախին (AppCON 2013)

Ինտերնետի բացակայությունը կատաստրոֆիկ է. Անդրեյ Պյատախին (AppCON 2013)

AppCON

«Այսօր կյանքն առանց բջջային հեռախոսների հնարավոր չէ պատկերացնել: Սմարթֆոնները մարդկանց կյանքում «ատամի խոզանակի» պես են դարձել: Այս ոլորտն աճում է հսկայական տեմպերով: Միայն 2013թ. աշխարհում բջջային հավելվածներից եկամուտը կազմել է 16մլրդ. դոլար», – ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բջջային հավելվածներին նվիրված AppCON 2013 կոնֆերանսի ժամանակ:

Ըստ Անդրեյ Պյատախինի, առաջին բջջային հավելվածը հեռախոսներում առկա նոթատետրերն էին, ապա SMS-ի հնարավորությունը: «Հաջորդը, որ հայտնվեց այս ոլորտում wap ինտերնետն էր, որը դանդաղ էր և թանկ: Ապա ի հայտ եկավ GPRS-ը, որին հաջորդեց 3G-ին և այժմ էլ տարածվել են Wi-Fi կետերը»,- նշեց նա:

«ԱրմենՏել»-ի տնօրենի խոսքով, այսօր բաժանորդների համար ինտերնետի բացակայությունը կատաստրոֆիկ է: Ըստ Անդրեյ Պյատախինի, կա, սակայն, տարօրինակ ֆենոմեն. «Մենք ունենք այնպիսի բաժանորդներ, որոնք օգտագործում են թանկարժեք սմարթֆոններ, սակայն երբեք մուտք չեն գործում ինտերնետ և չեն օգտագործում իրենց սմարթֆոնի ամբողջական հնարավորությունները: Սա էլ մեկ այլ ֆենոմեն է»:

Խոսելով առաջատար բջջային հավելվածների մասին՝ Անդրեյ Պյատախինը նշեց, որ առաջատարը բջջային խաղերն են, որոնց հաջորդում են եղանակի տեսության մասին ծրագրերը, իսկ երրոդ տեղում նավիգացիան է: Ըստ նրա, այս բոլոր հավելվածների մրցակիցները սոցիալական ցանցերի հավելվածներն են:

«AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» թեմայով համաժողովի կազմակերպիչներն են «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամը՝ «ԱրմենՏել» ընկերության (Beeline) աջակցությամբ: