Toyota-ն ներկայացրեց գիտաֆանտաստիկ FV2 մակնիշի մեքենան

FV2

Tokyo Motor Show 2013 միջոցառման ժամանակ ճապոնական ընկերությունը ներկայացրեց FV2 նոր մոդելը, որը գիտաֆանտաստիկ ֆիլմերի սուպերհերոսի անձնական մեքենայի տեսք ունի: Ավտոմեքենան մեկ դուռ ունի, որը ծածկում է նրա մեծ մասը և բացվում է ներքևից վերև: Վարորդը կարող է կառավարել այն կանգնած` շարժելով մարմինը աջ կամ ձախ: FV2-ը դասական մեքենաների նման ունի 4 անվադող, բայց ոչ նույն դասավորությամբ. երկու փոքր անվադող առջևում և հետևում ու երկու մեծ անվադող վարորդի ներքևում՝ երկու կողմից:

FV2-ը առանձնանում է հատկապես իր արտաքին մակերևույթի և անվադողերի վրա առկա LCD էկրաններով, որոնց շնորհիվ մեքենան զարդարվում է տարբեր գույներով, տեքստուրաներով ու պատկերներով: Մակերևույթի որոշ մասերում էկրանը նաև զգայուն է և դրա միջոցով հնարավոր է նոր հետաքրքիր գունային էֆեկտներ ստանալ:

Աղբյուր` engadget.com