Գերմանիայում ստեղծվել է էլեկտրական ուղղաթիռ

volocopter_1

Գերմանական արտադրության Volocopter VC200 էլեկտրական ուղղաթիռը 18 հատ պտուտակ ունի, որոնց շնորհիվ կարողանում է հանգիստ և կայուն թռիչք ապահովել: E-volo ընկերության տնօրեն Ալեքսանդեր Զոսելի խոսքով, VC200-ը՝ ի տարբերություն այլ ուղղաթիռների, համարյա աննկատ է իր բազմաթիվ պտուտակների շնորհիվ, որոնք աշխատում են առանց աղմուկի և օդում  չեն ստեղծում դասական ուղղաթիռներին բնորոշ հզոր տատանումներ: Պտուտակների մեջ տեղադրված 18՝ շրջակա միջավայրը չաղտոտող, մարտկոցով աշխատող շարժիչները նորարարական ուղղաթիռի գլխավոր առավելությունն են:

VC200-ին նախորդող մոդելը՝ Volocopter VC1-ը գերմանական ընկերությունը ներկայացնում էր որպես աշխարհի առաջին կանաչ ուղղաթիռ: Այն սկիզբ դրեց էլեկտրական և շրջակա միջավայրի համար անվնաս սարքավորումների արտադրանքին նաև ուղղաթիռների շուկայում: Volocopter VC200-ը արդեն լիարժեք ուղղաթիռ է՝ հարմարեցված սովորական օգտագործողների համար: Խաղային սիմուլյատորներում օգտագործվող հեռակառավարման վահանակը հեշտացնում է մեքենայի կառավարումը: Առաջին փորձնական թռիչքի ժամանակ էլեկտրական ուղղաթիռը բարձրացել է երկրի մակերևույթից 21 մետր: Այն կարող է թռչել 20 րոպե մեկ լիցքավորմամբ,  E-volo-ն հույս ունի մոտ ապագայում բարձրացնել այս ցուցանիշը:

Աղբյուրը՝ cnet.com