TellSpec՝ սարքավորում առողջ սննդակարգի համար

Tellspec

TellSpec-ը սպեկտոմետր է, որը կարողանում է հասկանալ, թե ինչ բաղադրություն ունի ուտեստը և հաղորդել այդ ինֆորմացիան համապատասխան բջջային հավելվածին: Սարքավորման հեղինակ Իզաբել Հոֆմանը անձնական պատմություն ունի՝ TellSpec-ի գաղափարի հետ կապված:

Նրա 14-ամյա աղջիկն անսպասելի հիվանդացավ, երբ նրանք ընտանիքով տեղափոխվեցին Եվրոպայից ԱՄՆ: Բժիշկներն ախտորոշեցին սուր թունավորում, որը խրոնիկ բնույթ էր ստացել: Աղջիկն ալերգիկ ռեակցիա էր ստացել ուտելիքի մեջ առկա որոշ նյութերի պատճառով, որոնց գոյության մասին ծնողները չէին էլ կասկածել: Օգնելու համար իր աղջկա պես մարդկանց՝ խուսափելու անցանկալի նյութերից, Հոֆմանը ստեղծել է TellSpec-ը:

Բիոտեխնոլոգիական արտադրանքը ֆինանսավորում է ստացել Indiegogo կայքի միջոցով: Սկզբնական նշված 100.000 դոլար նպատակակետի փոխարեն ծրագիրը ստացել է 218.000 դոլար նվիրաբերություն ամբողջ աշխարհից: TellSpec-ն օգնում է բացահայտել ուտելիքի մեջ առկա պոտենցիալ վտանգավոր կամ անցանկալի տարրերը, օրինակ՝ պարզել, արդյոք դրա մեջ կան դիոքսիններ կամ գլյուտեն: Բացի այդ այն օգտակար է առողջ ապրելակերպ ունեցող մարդկանց համար, ովքեր ունեն հստակ սննդակարգ և պետք է խուսափեն որոշ նյութերից: Օգտագործողները վայրկյանների ընթացքում կարողանում են տեսնել անալիզի արդյունքները իրենց սմարթֆոնի էկրանին՝ հատուկ հավելվածի միջոցով: Սարքավորման մասայական թողարկումը սպասվում է 2014 թ. ամռանը 350-ից 400 դոլար արժողությամբ: Արտադրողները հույս ունեն, որ կկարողանան իջեցնել գինը մինչև 50 դոլարի:

Աղբյուր՝ mashable.com