«ԱրմենՏել» ընկերությունը կաջակցի Հայաստանում բջջային հայալեզու հավելվածների ստեղծմանը

«ԱրմենՏել» ընկերությունը կաջակցի Հայաստանում բջջային հայալեզու հավելվածների ստեղծմանը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի հետ համատեղ AppCON 2013 միջազգային համաժողովի շրջանակում հայտարարում են հայալեզու բջջային հավելվածների ստեղծմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում կազմակերպիչները հրավիրում են ՀՀ տարածքում գործող անհատներին և կազմակերպություններին ներկայացնել բջջային բովանդակության զարգացմանն ուղղված համագործակցության առաջարկ՝ բեռնելով դրանք app.am հասցեում տեղադրված հատուկ հավելվածի օգնությամբ: Ծրագիր-առաջարկները կարող են ներկայացվել սկսած սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 31-ը:  Ներկայացված առաջարկները կուսումնասիրվեն ծրագիրն իրականացնող խմբի կողմից և ամենախոստումնալից գաղափարների հեղինակները կստանան ֆինանսական աջակցություն հիմնադրամի կողմից:

«Բջջային հավելվածներն օրեցօր ավելի մեծ պահանջարկ են վայելում և դարձել են մարդկանց առօրեական անհրաժեշտություններից մեկը: Հայաստանում հավելվածներից շատ քչերն են հարմարեցված հայ հասարակությանը և հայերեն լեզվին: Համոզված եմ, որ այս ծրագիրը մեծապես կնպաստի հայալեզու բջջային հավելվածների շուկայի զարգացմանը և կխթանի երիտասարդների ներգրավածությունը զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառում: «ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն օպերատոր, շարունակելու է աջակցել այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն այս գործընթացի հետագա զարգացմանը և կօգնեն մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նոյեմբերի 22-ին «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի» կողմից կազմակերպված AppCON2013 համաժողովի շրջանակում բիզնեսի, հասարակական ոլորտի և ծրագրավորողների միջև տեղ գտած քննարկումները և կարծիքների փոխանակությունը մեզ հույս են ներշնչում, որ այս նոր ծրագրի արդյունքում հայալեզու բջջային բովանդակության զարգացման ուղղությամբ կհաջողվի զգալի առաջընթաց գրանցել»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

Նշենք, որ AppCON 2013-ի միջազգային համաժողովը հայալեզու բովանդակությանն զարգացմանն ուղղված նախաձեռնության առաջին քայլերից մեկն էր: Այն անց է կացվել  «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ սույն թվականի նոյեմբերի 22-ին և նվիրված էր բջջային հավելվածների և բովանդակության զարգացման միջազգային և տեղական ժամանակակից միտումներին:

Միջոցառմանը մասնակցում էին խոշոր և միջին բիզնեսի ավելի քան հարյուր ներկայացուցիչ, բջջային հավելվածների մշակողներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բջջային բովանդակության միջազգային զարգացման միտումներին և հայաստանյան շուկայում լավագույն փորձի կիրառմանը նվիրված համաժողովին ելույթ ունեցան «Մայքրոսոֆթ», SPB TV,  PicsАrt, mLab ECA և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները: