Պատրաստիր ռոբոտ առանց ծրագրավորման գիտելիքների

robot-4ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում հիմնադրված Modular Robotics ընկերությունը ներկայացրել է ռոբոտաշինական գործիքների հավաքածու, որը թույլ է տալիս պատրաստել ցանկացած տիպի ռոբոտ՝ առանց ծրագրավորման գիտելիքների: Այն կոչվում է MOSS և կթողարկվի երեք տարբեր չափսերով: Այն պարունակում է տարբեր ձևի և չափսի մասեր՝ ռոբոտի կառուցման համար: Բոլոր բաղկացուցիչ մասերը պատրաստված են պլաստիկից և ունեն մի քանի մագնիսներ իրենց վրա, որոնց շնորհիվ կարողանում են միանալ իրար հետ: Այս գործընթացը հիշեցնում է LEGO ընկերության արտադրանքների պատրաստման մեխանիզմը:

Ամերիկյան ընկերությունը պլանավորում է նաև թողարկել հավելված, որը կկառավարի ստեղծված կիսաավտոնոմ մեքենաները: Այն թույլ կտա ուղղորդել ռոբոտին սմարթֆոնից կամ պլանշետից: Նախագիծը ֆինանսավորում է հայթայթել Kickstarter ծառայության միջոցով: Այս պահի դրությամբ, սեփական ձեռքերով պատրաստվող ռոբոտի ծրագրույմ գումար են ներդրել 1203 հոգի և ընդհանուր գումարը կազմում է 281,997 դոլար:

Ծրագիրը բաց է ներդրումների համար մինչև դեկտեմբերի 1-ը: MOSS-ը չի պահանջում ծրագրավորման գիտելիքներ, ինչի շնորհիվ կարող է օգտագործվել նաև դպրոցներում և մանկապարտեզներում: Գործիքների հավաքածուի թողարկումը սպասվում է 2014թ. փետրվարին:

Աղբյուրը՝ mashable.com