«Ֆորսաժ 7» ֆիլմի նկարահանումները չեն դադարեցվի

fast-furious«Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները կկայանան առանց Պոլ Ուոկերի, հայտնում է The Hollywood Reporter-ը: Հիշենք, որ նոյեմբերի 30-ին ճանաչված դերասանը մահացավ Լոս Անջելեսում ավտովթարից. նա 40 տարեկան էր: Բրայան Օ՛կոններին մարմնավորող դերասանի մահը հաստատել է նրա գործակալը: Պոլ Ուոկերը վերադառնում էր բարեգործական միջոցառումից իր ընկերոջ հետ: Ավտոմեքենայի ղեկին նրա ընկերն էր. ավտոմեքենան խրվել է ծառին և վառվել:

Պոլ Ուոկերը մահացավ «Ֆորսաժ 7»-ի նկարահանումների կարճ ընդմիջման ժամանակ: Ֆիլմի հիմնական մասն արդեն նկարահանվել է: Նկարահանող խումբը դերասաններ Վին Դիզելի և Դուեյն Ջոնսոնի հետ պատրաստվում էր շարունակել նկարահանումները Աբու-Դաբիում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2014թ. հուլիսի 17-ին:

Երեկ ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Վանը արտակարգ խորհրդակություն անցկացրեց ֆիլմարտադրող Universal ընկերության հետ, որի արդյունքում որոշվեց, որ «Ֆորսաժ»-ի նկարահանումները կշարունակվեն, սակայն պրեմիերան կհետաձգվի անհայտ ժամանակով: Թե ինչպես կփոխվի մարտաֆիլմի սյուժեն կամ կլինի արդյոք Ուոկերին փոխարինող դերասան, առայժմ, անհայտ է:

Պետք է նշել նաև, որ դերասանը վթարի ենթարկվեց Porsche Carrera GT մակնիշի ավտոմեքենայով, որը «Ֆորսաժ» ֆիլմում օգտագործվող մեքենաներից մեկն էր՝ արտադրված սահմանափակ քանակությամբ: