Սթիվ Ջոբսը «քթի մազ էր». Վաձ Ղազարյան (հարցազրույց)

Vadz Ghazaryan 01Մարդիկ առաջին տպավորությունը կազմում են արտաքին տեսքից: Նույն սկզբունքը գործում է մեր՝ առօրյայում օգտագործվող իրերի վրա՝ սկսած սմարթֆոնից մինչև բջջային հավելվածներ: itTREND.am-ը զրուցել է դիզայներ, eli.am օնլայն խանութի հիմնադիր, “Creative Inspiration” դիզայնով զբաղվող ընկերության տնօրեն, varwar.com կայքի համահիմնադիր Վաձ Ղազարյանի հետ:

Վաձն աշխատել է դիզայնի գրեթե բոլոր ոլորտներում՝ գրաֆիկ դիզայնից մինչև վեբ: Արդեն 2 տարի է Վաձը զբաղվում է միայն վեբ և բջջային հավելվածների դիզայնով: itTREND.am-ի հետ զրույցում նա պատմեց դիզայնի առաքելության, սկզբունքների մասին և կիսվեց դիզայնի հարցում «բծախնդիր» Apple ընկերության արտադրանքների մասին իր կարծիքով:

Վաձ այսօր Հայաստանում դիզայներների զգալի մասը ձգտում է զբաղվել վեբ դիզայնով, քանի որ ապագան, ինչպես ասում են, վեբինն է: Բացի դրանից վեբը եկամտաբեր է: Շատերն արթնանում են ու սկսում են վեբ դիզայնով զբաղվել: Դուք ինչպե՞ս եք սկսել:

Ես աշխատել եմ դիզայնի բոլոր ոլորտներում: Այն ամենը, ինչ կապված է վիզուալի՝ անիմացիայի, գրաֆիկայի, սպեցէֆեկտների և անգամ ֆիլմինգի հետ, ինձ համար հետաքրքիր է: Գործի բերումով, այսօր զբաղվում եմ վեբ դիզայնով: Մեր թիմը հիմնականում վեբ և բջջային հավելվածների նախագծեր է իրականացնում, նաև զբաղվում ենք gaming-ով: Արդեն 2 տարի է միայն վեբում եմ, սակայն սկսել եմ վեբ դիզայնով զբաղվել շատ ավելի վաղ:

Ձեզ բազմիցս տեսնում ենք տարբեր մրցույթների ժյուրիի կազմում և Ձեր կարծիքը կարևորում են հենց դիզայնի հարցում: Կնշեք՝ որո՞նք են հավելված կամ վեբ-կայք նախագծելիս ամենակարևոր կետերը, որոնց դիզայները պետք է ուշադրություն դարձնի:

Ցանկացած դիզայնում, անկախ՝ գրաֆիկա է, թե վեբ, թե այլ բան, առաջինը կարևոր է ճաշակը: Ճաշակ ասելով՝ նկատի ունեմ ձեռագիրը: Ցանկացած դիզայներ համարվում է կայացած միայն այն ժամանակ, երբ ունի իր յուրօրինակ ձեռագիրը: Երկրորդ կարևոր կետը՝ դիզայնի կանոններն են, որ պետք է իմանալ: Ովքեր կայացած են, կարող են խախտել դրանք, փորձարկումներ անել: Սակայն պետք է իմանալ կլասիկան, հիմնական բազան, հետո անել՝ ինչ ուզում ես: Երրորդ հերթին, կարևոր է լինել պատասխանատու՝ deadline-ներին հասցնելու համար: Սակայն ամենակարևորը այս ամենից զատ՝ դիզայնի հարմարավետությունն է: Դիզայնը պետք է խնդիր լուծի: Եթե այն հարմարավետ չի, ինչ էլ լինի՝ հավելված, թե մեքենայի նվագարկչի դիզայն, եթե սխալ տեղ դրեցիր կոճակը, ուրեմն չի հաջողվել դիզայնը՝ անգամ եթե հասցրել ես ժամկետներին: Դիզայնն առաջին հերթին ստեղծված է հարմարավետության խնդիրը լուծելու համար:

Կնշե՞ք դիզայնի լավ և վատ մի քանի օրինակներ

Որպես լավ օրինակ կարող եմ նշել f-i.com-ը: Այս ստուդիայի բոլոր գործերը լավն են, նրանցից սովորելու լիքը բան կա: Լավ են պատրաստված նաև hardgraft.com-ը կամ nikechosenseries.com-ը, fruute.com-ը: Շատ եմ հավանում «Lord of the rings» ֆիլմի և «Game of thrones» սերիալի ինտերակտիվ քարտեզները:

Վատ օրինակներից են հայկական yutub.am-ը, slaq.am-ը: Վատ օրինակները շատ են. Հայաստանում ամեն 2-րդ վեբ-կայքը կարելի է որպես վատ օրինակ բերել:

Ինչ վերաբերում է հավելվածներին, ապա Android ՕՀ-ի համար գրված հավելվածների 80%-ը դիզայնի տեսանկյունից վատն են, քանի որ Google Play-ում ստուգում չեն անցնում: Իսկ Apple-ի ստուգումը նման է դիպլոմային պաշտպանելուն: Չեմ ասում, որ բոլոր iOS հավելվածները լավ դիզայն ունեն, սակայն Apple-ի ստուգումների շնորհիվ է, որ բոլորը հստակ աշխատում են: Օրինակ Temple Run հայտնի խաղը բոլոր Аpple սարքերում նորմալ չափսերով է երևում, իսկ Android սարքերից մեկում ձգված է, հերոսը մի սարքի վրա չաղ է, մյուսում՝ նիհար, մի սարքում գույները վառ են, մյուսում՝ կոնտրաստը քիչ է: Բոլոր նախագծողներն ի վիճակի չեն հետևել բոլոր սարքերին, դա անիմաստ աշխատանք է՝ ի տարբերություն Apple-ի որն ունի 3 ֆիքսված չափ՝ ipad-ի, ipad mini-ի, iphone-ի: Սովորաբար լավ հավելվածներն ունեն թե՛ Android և թե՛ iOS տարբերակներ:

Սթիվ Ջոբսը դիզայնի նկատմամբ գերզգայուն էր: Նա դիզայնը առաջնային էր համարում. կարևորում ամեն ինչում: Ըստ Ձեզ Apple-ի արտադրանքներն իսկապե՞ս այդքան կատարյալ են:

Սթիվ Ջոբսը «քթի մազ էր», ինչի արդյունքում ապրանքի վերջնական օգտատերը կապվում է իր սարքի հետ: Apple-ի սարքերում ամեն ինչ նորմալ է պատրաստված: Օրինակ, սպիտակ iPhone-ի լիցքավորման բնիկի ներսի հատվածը սպիտակ է, իսկ սև iPhone-ինը՝ սև: Եթե ռեալ դատենք, սա մանրուք է: Սակայն ես գիտեմ, որ Apple-ում կա մարդ, ով անգամ այդ մասին է մտածել: Այս փաստը մի մակարդակ բարձրացնում է ընկերությանը:

Պարզ է, եթե ես geek եմ, iPhone-ը բավական կոնսերվատիվ է և տարածվելու տեղ չի թողում: Բայց եթե քեզ բավարարում են iPhone-ի ֆունկցիաները, հետո այլ հեռախոս չես պատկերացնում, որ կարող ես օգտագործել: Ես Apple-աման չեմ եղել և միշտ հետևել եմ բոլոր արտադրողների նոր սարքերին, կարդացել ֆորումներ: Սակայն երբ ձեռք բերեցի iPhone 4S-ը, ուրիշ ոչ մի մոդել ինձ էլ չհետաքրքրեց: Ես կարծում եմ, որ iPhone 4S-ն ամենահաջողված մոդելն է երբևէ: iPhone 5C-ի թողարկումը Apple-ի կողմից քաջ քայլ էր, սակայն անիմաստ՝ հաշվի առնելով արժեքը:

Vadz Ghazaryan 02

Հետաքրքիր է լսել նաև Ձեր կարծիքը iOS 7-ի դիզայնի մասին: Երբ այն նոր էր թողարկվել, մի շարք օգտագործողներ բողոքում էին գրաֆիկայի առատությունից՝ նշելով, որ գույները շատ են և վատ տեսողություն ունեցողների վրա բացասական են ազդում:

iOS 7-ի մասին կարծիքները շատ են: Մինչ թողարկումը ինտերնետում տարածվել էին բազմաթիվ կոնցեպտներ՝ մեկը մեկից լավը կամ վատը: Դրանցից հետո սպասում էի շատ ավելիին: Իրականում սա սուբյեկտիվ է և սովորելու վրա է: Օրինակ  iOS-ի նախկին վիրտուալ ստեղնաշարն այժմ իմ աչքին տհաճ է: Մեքենաշինությունում էլ է այդպես: Մի բան, որ նոր ես տեսնում, ասում ես՝ ինչ լավն է, քանի որ աչքդ մինչ այդ նմանը չէր տեսել:

iOS 7-ի վերևից դուրս եկող պատուհանն անիմաստ եմ համար, ամեն դեպքում ինձ համար պիտանի չեն այդ ծանուցումների էջերը: Իսկ ինտերֆեյսի ներքևից ելնող պատուհանը վերջապես դարձել է պիտանի՝ ֆունկցիոնալ:

Android-ի հիմնական խնդիրն այն է, որ օգտագործողը կորցնում է user expierence կոչվածը, քանի որ ամեն մի սմարթֆոն արտադրող փոխում է Android-ի դիզայնը: Եթե օրինակ Samsung-ից անցնում ես HTC-ի կամ մեկ այլ Android սարքի, ամեն ինչ փոխվում է՝ սկսած կարգավորումներից մինչև այլ կոճակների գտնվելու տեղերը: Կարծում եմ, եթե geek ես, պետք է օգտագործես Android, եթե պարզապես օգտագործող, երևի iPhone:

Ըստ Ձեզ Հայաստանում կա՞ն վեբի ու հավելվածների դիզայնի լավ մասնագետներ: Դուք նման քանի՞ մասնագետ գիտեք:

Հայաստանում քիչ են և նրանց թիվը միշտ անփոփոխ է մնում. մոտ 10 հոգի: Խնդիրն այն է, որ ոլորտն է անփոփոխ: Լավ դիզայները գիտի ինչ է անում և չի դադարում կարդալ, աշխատել իր վրա: Այն պահից, երբ սկսես շարժվել ամբիցիաներով՝ մտածելով, որ ամենալավն ես և կատարյալ գործեր ես ստեղծում, կլճանաս: Սթիվեն Սպիլբերգին հարցրել են՝ դուք ե՞րբ հասկացաք, որ Սպիլբերգն եք: Նա էլ պատասխանել է՝ այն պահին, երբ հասկանամ, որ Սպիլբերգն եմ, կգնամ թոշակի: Պարզ է, որ նա այդպես չի կարծում, բայց ցույց չի տալիս: Ինչպես ասում են՝ համեստությունը՝ թագավորների քաղաքավարությունն է: