Apple-ի սարքերը կլիցքավորվեն անլար

AppledevicesԱՄՆ-ի Արտոնագրային հանձնաժողովը Apple ընկերությանն է հանձնել գաջեթների անլար լիցքավորման տեխնոլոգիայի արտոնագիրը, ըստ որի՝ բավական է սարքը դնել լիցքավորման «վիրտուալ զոնայում» և այն կսկսի լիցքավորվել: Հաղորդում է Patently Apple-ը:

Հիշեցնենք, որ արտոնագրային հայտը ներկայացվել էր հանձնաժողով 2012-ի սկզբին: «Օդային» լիցքավորման համար Apple-ն առաջարկում է օգտագործել NFMR տեխնոլոգիան (Near Field Magnetic Resonance, մոտ տարածության մագնիսային ռեզոնանս): Տեխնոլոգիայի մանրամասները չեն հաղորդվում:

Լիցքավորող սարքը կարող է տեղադրվել, օրինակ, համակարգչի մոնիտորի կամ հատուկ սարքի մեջ, որը միացված է էլեկտրացանցին:

Նշենք, որ անլար լիցքավորման տեխնոլոգիաներով հետաքրքրված են շատ ընկերություններ: Ավելին՝ այն արդեն իրականություն է դարձել Nokia Lumia շարքի որոշ սմարթֆոններում և Dell Latitude Z նոութբուքներում:

Աղբյուրը՝ patentlyapple.com