Վիքիպեդիան համալրվել է «սևագիր» ֆունկցիայով

wikipedia logoՕնլայն հանրագիտարան Վիքիպեդիայի բոլոր այն օգտագործողները, ովքեր ակտիվորեն այն համալրում են նոր նյութերով, այսուհետ ունեն հնարավորություն պահպանել ավելացվող նյութը որպես սևագիր: Այս մասին հայտնում է վիրտուալ հանրագիտարանի պաշտոնական բլոգը:

Վիքիպեդիայի ներկայացուցիչների խոսքով, այսուհետ մինչ նյութի հրապարակումը դրանք կարելի է խմբագրել սևագրում, որը չի ցուցադրվելու կայքում: Հրապարակված նյութից այն տարբերվելու է վերնագրում «Սևագիր» բառի ավելացմամբ: Սկզբնական շրջանում այս ֆունկցիան հասանելի է լինելու միայն անգլերեն տարբերակի օգտագործողներին:

«Հանրագիտարանում մերժվող նյութերի 80%-ը կաննոններին չհամապատասխանելն է: Սևագիր ֆունկցիան հնարավորություն կտա հեղինակներին ավելի շատ ժամանակ տրամադրել հոդվածն ամբողջական դարձնելու համար»,- նշում են Վիքիպեդիայի ադմինիստրատորները:

Հիշենք, որ Վիքիպեդիան գործարկվել է 2001-ին: Այն օնլայն ազատ հանրագիտարան է, ուր յուրաքանչյուր ինտերնետ օգտագործող կարող է ինքնուրույն ավելացնել նյութեր: Վիքիպեդիայի անգլերեն տարբերակն ամենախոշորն է, պարունակում է ավելի քան 4 մլն. հոդված:

Աղբյուրը՝ wikipedia.org