LG-ն թողարկել է կենցաղային տեխնիկան կառավարող համակարգ

lg-homechat-service-635

LG ընկերությունը ներկայացրել է HomeChat համակարգը, որը թույլ է տալիս օգտագործողներին ղեկավարել կենցաղային տեխնիկան՝ սմարթֆոնից ուղարկելով հաղորդագրություններ: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից:

HomeChat համակարգին կարելի է միացնել տան կենցաղային տեխնիկան, ներառյալ՝ սառնարանը, լվացքի մեքենան, ջեռոցն ու Hom-Bot Square ռոբոտ-փոշեծծիչը: Տեխնիկան կառավարելու հրահանգները կարելի է ուղարկել Line մեսենջերից, օրինակ՝ այս տեսքով. «Ես մեկնում եմ արձակուրդ»: Հաղորդագրությունն ուղարկելուն պես կցված տեխնիկան կանցնի ցածր էներգաօգտագործման ռեժիմի, ինչպես նաև կմիանա ամենօրյա մաքրության ծրագիրը:

HomeChat համակարգն այս պահին աշխատում է անգլերեն ու կորեերեն լեզուներով, լրացուցիչ լեզուները կավելացվեն 2014-ի ընթացքում: Բացի այդ՝ HomeChat-ի օգտագործողները կկարողանան մեսինջերով նկարներ ուղարկել LG սառնարանի էկրանին, ստանալ կենցաղային տեխնիկայի կարգավիճակի մասին տեղեկություններ և այլն:

Նշենք, որ Line մեսինջերի օգտագործողների թիվն անցել է 300 միլիոնը: Հավելվածը թույլ է տալիս ինտերնետով անվճար զանգեր կատարել և հաղորդագրություններ ուղարկել: HomeChat համակարգը կներկայացվի հանրությանը CES 2014 ցուցահանդեսին, որը կկայանա հունվարի սկզբին Լաս Վեգասում:

Աղբյուրը՝ engadget.com