2013թ. Android-աշխարհի գլխավոր իրադարձությունները

2013թ. Android-աշխարհի գլխավոր իրադարձությունները

Անցնող 2013 թվականը կարելի է համարել Android օպերացիոն համակարգի աստղային տարին: Հենց այս օպերացիոն համակարգով են աշխատում տարվա լավագույն սմարթֆոնները: Այժմ հիշենք այս տարի Android-ի աշխարհում ամենակարևոր ու քննարկված իրադարձությունները:

Կորուստներ Android-ի ընտանիքում

Ընթացիկ տարում Android-ի համերաշխ ընտանիքը զրկվեց երեք կարևոր մարդկանցից: Առաջինը Android-ի համահիմնադիր Էնդի Ռուբինն էր, ով դուրս եկավ Google-ից: Հաջորդը Ժան Բատիստ Կյերուն էր, ով լքեց AOSP-ի ղեկավարի պաշտոնը նրա համար, որ Google-ը չկարողացավ ժամանակին հարթել Qualcomm-ի հետ ունեցած կոնֆլիկտը: Բանն այն է, որ Qualcomm-ը թույլ չէր տալիս այլ  մշակողների մուտք գործել իր գրաֆիկական արագացուցիչների կարգավորումներին, իսկ Կյերուի կարծիքով՝ դա հակասում է Android-ի բաց և հասանելի լինելու սկզբունքին:

Հաջորդը Google-ի արտադրանքների ղեկավարման փոխնախագահ Հյուգո Բարաբ էր, ով հանկարծակի թողեց ամեն ինչ ու գնաց Չինաստան՝ օգնելու Xiaomi կոնցերին դուրս գալ միջազգային շուկա:

Ֆաբլեթների տարի

Դեռ վերջերս սմարթֆոնների միջին անկյունագիծը կազմում էր 3,5-4 դյույմ, իսկ հիմա արդեն 5 դյույմը դարձել է ստանդարտ: 2013-ի ընթացքում արտադրողները շեշտը դրեցին սմարթֆոնի և պլանշետի խառնուրդի՝ ֆաբլեթի վրա, որի էկրանի անկյունագիծը 6 դյույմ է: Տարվա ֆաբլետ դարձավ Galaxy Note 3-ը, բացի այդ՝ մեծ հաջողություն ունեցան շուկայում նաև HTC One Max, Huawei Ascend Mate և Asus Fonepad 6 ֆաբլեթները:

Խելացի գաջեթներ

2013-ին հայտնված խելացի գաջեթները (ակնոցներ, ժամացույցներ, թևնոցներ, մատանիներ) դեռևս մշակման փուլում են թե՛ դիզայնի, թե՛ տեխնոլոգիաների ու ինտերֆեյսի առումով: Սակայն արդեն իսկ միտում է նկատվում, որ 2014-ին բավական շատ ենք խոսելու խելացի ժամացույցների մասին:

Ճկվող էկրաններ

Չնայած Galaxy Round և LG GFlex ճկվող կոր էկրաններով սմարթֆոնները քչերն են լուրջ ընդունում, դրանց թողարկումը մեծ իրադարձություն դարձավ Android աշխարհում և գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը: Իսկ նման տեխնոլոգիաներն օրեցօր զարգանում են և այս ոլորտում կատարվող ներդրումների թիվը՝ մեծանում:

Մատնահետքի սկաներ

Դեռևս 2011-ին Motorola-ն թողարկեց սմարթֆոն, որը թույլ էր տալիս ապաարգելափակել (unlock) էկրանը մատնահետքով: Սակայն երկու տարի առաջ Android-շուկան դեռ նոր էր սկսել ձևավորվել, և նորամուծությունը մեծ արձագանք չստացավ: Այս տարի Apple-ն առաջ ընկավ Samsung-ից՝ թողարկելով մատնահետքի ճանաչման սկաներով iPhone 5S սմարթֆոնը, իսկ HTC-ն ընդամենը մի քանի ամիս անց ներկայացրեց նույն հնարավորությունն ունեցող սմարթֆոն: Պարզ է, որ հերթն արդեն Samsung-ինն է:

Սկսվեց 64 բիթանոց պրոցեսորների ժամանակաշրջանը

Սմարթֆոնների տեխնիկական տվյալները օրեցօր զարգանում են, ու արդեն ոչինչ զարմանալի չի թվում: Չնայած դրան՝ Apple-ը կարողացավ աղմուկ բարձրացնել իր 64 բիթանոց պրոցեսորի շուրջ, իսկ Samsung-ը սկսեց մշակել սեփական 64 բիթանոց պրոցեսորը: Սպասվում է, որ եկող տարվա ընթացքում կորեական ընկերությունը կթողարկի Galaxy S5 սմարթֆոնը, որը կունենա 64 բիթանոց պրոցեսոր:

Կախարդական միլիարդ

2013թ. ակտիվացվել է Android-ով աշխատող 1 միլիարդ հեռախոս: Android-ի մշակման փոխնախագահ Սունդար Պիչայիի խոսքով՝ երկրորդ միլիարդի ցուցանիշը սարերի հետևում չէ, մանավանդ որ ՕՀ-ի նոր տարբերակը՝ Android 4.4 KitKat-ը, աշխատում է բյուջետային հեռախոսներում, որոնց օպերատիվ հիշողությունը չի գերազանցում 512 Մբ-ը:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր