Հայկական Վիքի համայնքը կնշի Վիքիպեդիայի օրը

WikipediaՎաղը՝ հունվարի 15-ին լրանում է Վիքիպեդիա ազատ օնլայն հանրագիտարանի ծննդյան 13 ամյակը: Այս կապակցությամբ առաջին անգամ «Վիքմեդիա Հայաստան» ՀԿ-ն կազմակրեպում է Վիքիպեդիայի օրը միջոցառում:

Ամեն տարի այս օրը տոնում են աշխարհի տարբեր կետերում տարբեր Վիքի համայնքներում Վիքիպեդիայի խմբագիրները և ընթերցողները: Այս մասին itTREND.AM-ին տեղեկացրեց հայկական Վիքի համայնքի ակտիվ ներկայացուցիչ, հայերեն Վիքիպեդիայի խմբագիր Վաչագան Ղռաթյանը:

«Մենք կանցկացնենք ոչ շատ ֆորմալ երեկույթ, որի ընթացքում համառոտ  կներկայացնենք Վիքիպեդիայի ստեղծման պատմությունը. կլինի  նաև փոքրիկ հյուրասիրություն»,- ասաց Վաչագանը և հավելեց, որ հայերեն Վիքիպեդիան իր հերթին դառնում է 11 տարեկան:

Նրա խոսքով, միջոցառումը նշանավոր կլինի նրանով, որ առաջին անգամ Հայերեն Վիքիպեդիան տարածաշրջանում առաջատարն է հոդվածների թվով՝ 107 հազ. հոդված:

«Բոլոր նախորդ տարիներին մենք մյուսներից հետ էինք այս ցուցանիշով: Իսկ այսօր վրացերեն և ադրբեջաներեն Վիքիպեդիայում կա 80 հազ. և 97 հազ. հոդված համապատասխանաբար»,- նշեց նա:

Հիշենք, որ Վիքիպեդիան գործարկվել է 2001-ին: Այն օնլայն ազատ հանրագիտարան է, ուր յուրաքանչյուր ինտերնետ օգտագործող կարող է ինքնուրույն ավելացնել նյութեր: Վիքիպեդիայի անգլերեն տարբերակն ամենախոշորն է, պարունակում է ավելի քան 4 մլն. հոդված: