Apple-ը կփոխհատուցի օգտագործողներին 32,5 մլն դոլար

apple moneyApple ընկերությունը օգտագործողներին կվճարի ընդհանուր առմամբ 32,5 միլիոն դոլար՝ փոխհատուցելու համար առանց ծնողների գիտության երեխաների կողմից կատարված գնումների դիմաց: Նշենք, որ նման դեպքերը հատկապես շատ են պատահում, երբ երեխաները խաղեր են խաղում իրենց ծնողների iPhone-ով կամ iPad-ով՝ գնելով խաղի ներսում առաջարկվող բոնուսներ և այլն: Հաղորդում է Associated Press գործակալությունը:

ԱՄՆ-ի ազգային առևտրային հանձնաժողովը հայտարարել է, որ օգտագործողների կոմղից ստացել է տասնյակ հազարավոր բողոքներ՝ կապված հավելվածներում ներդրված գնումների հետ, որոնք կատարելու համար պարտադիր չէ մուտք գործել ծածկանուն/ծածկագրով: Հանձնաժողովի ղեկավար Էդիտ Ռամիրեսի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ խաղալու ընթացքում երեխաները կատարել են նույնիսկ հազար դոլարի չափով գնումներ:

App Store հավելվածների խանութում գնումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել ծածկանուն/ծածկագիր, սակայն մեկ անգամ մուտք գործելուց հետո տվյալները պահպանվում են 15 րոպե: Հենց այս ընթացքում էլ հնարավոր է գնումներ կատարել առանց գաղտնաբառի մուտքագրման: Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի Apple-ը փոխի այս գործընթացը՝ պարտադիր դարձնելով գաղտնաբառի մուտքագրումը յուրաքանչյուր գնումի դեպքում:

Աղբյուրը՝ Mashable.com