Winamp փլեյերը «որդեգրվել է»

winamp logoԳտնվել է գնորդ ճանաչված աուդիոնվագարկիչ Winamp-ի և ռադիոհեռարձակող Shoutcast-ի համար: Ինչպես հաղորդում է Techcrunch տեխնոբլոգը, բելգիական  Radionomy ծառայությունը կգնի 5-10մլն. դոլարով վերոհիշյալ ծրագրերը AOL ընկերությունից: Ընդ որում, AOL-ը կմնա բաժնետոմսերի 12 %-ի սեփականատերը:

Radionomy ընկերության սեփականատեր Ալեքսանդր Սաբունդջանը հայտնել է, որ մտադիր է լրջորեն զբաղվել Winamp-ի զարգացմամբ:

«Մենք ցանկանում ենք վերակառուցել Winamp-ի պատմությունը: Մենք կարծում ենք, որ նվագարկչի ապագան կարող է լինել մեծ, քանի որ մեր ռազմավարությունն ուղղված է ոչ միայն անհատական համակարգիչներում օգտագործմանը, այլև՝ բջջային սարքերում, ավտոմեքենաներում և այլ սարքերում»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Shoutcast-ին, ապա վերջինիս ձեռքբերմամբ Radionomy-ն կդառնա հոսքային ռադիոյի շուկայի առաջատար:

Հիշեցնենք, որ Winamp շատերի կողմից սիրված նվագարկիչը պետք է դադարեցներ իր գոյությունը 2013թ. դեկտեմբերի 20-ին: Սակայն փլեյերի կայքը չէր փակվել և շարունակում էր գոյություն ունենալ:

Աղբյուրը՝ Techcrunch.com