Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության անդամ

Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության անդամ

Հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության լիիրավ անդամ` նպատակ հետապնդելով համատեղ ուժերով բարձրացնել «Made in Armenia» ապրանքանիշի ճանաչելիությունը, աջակցել գիտահետազոտական աշխատանքներին ու հայկական արտադրությանը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, որը  համախմբում է ավելի քան 60 տեղական և արտերկրյա կազմակերպություն, զբաղվում է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանությամբ, մասնավորապես` հարկային, մաքսային, իրավական խնդիրների լուծման աջակցությամբ: Միությունն իրականացնում է նաև ոլորտային զարգացման խոշոր ծրագրեր, ինչպիսիք են «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը և Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը, կազմակերպում է միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը , Բիզնես Ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը: