Apple-ը ստացել է երկկողմանի էկրանի արտոնագիր

Apple-logoApple ընկերությունն արտոնագրել է նոութբուքների համար նախատեսված երկկողմանի էկրան, որն ունի սենսորային ղեկավարում և սնվում է արևի ճառագայթներով: Հաղորդում է AppleInsider-ը:

Արտոնագրի նկարագրությունից պարզ է դառնում, որ էկրանի մի կողմը ավանդական համակարգչի էկրան է, որի հակառակ կողմը ծածկված է էլեկտրոնային ապակիով, որը էլեկտրական հոսանքի ազդեցությամբ փոխում է իր թափանցիկության աստիճանը: Ապակու տակից տեղադրվում են լրացուցիչ էկրան, սենսորային կառավարման մոդուլներ և արևային մարտկոցներ:

Էկրանի դրսի կողմը կարող է օգտագործվել ծանուցումների համար, օրինակ՝ տեղեկացնել չընթերցված նամակների մասին: Արտոնագրային նկարագրության մեջ չի նշվում՝ որ սարքերում է պատրաստվում Apple ընկերությունը ներդնել նման էկրաններ:

Նշենք, որ միայն 2013 թվականին ընկերությունը ստացել է 1780 նոր արտոնագիր:

Աղբյուրը՝ Appleinsider.com