Առաջին հայկական ArmTab պլանշետը կաշխատի հայկական օպերացիոն համակարգով

Առաջին հայկական ArmTab պլանշետը կաշխատի հայկական օպերացիոն համակարգով

Երեկ կայացավ առաջին հայկական պլանշետ ArmTab-ի պաշտոնական ցուցադրությունը: ArmTab-ն առայժմ գտնվում է պատրաստման փուլում: Պաշտոնական ցուցադրությանը ներկայացվեցին պլանշետի մի քանի նմուշներ, որոնք դեռևս վերջնական չեն: Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ մոտակա ամիսներին առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետի գործարանը պատրաստ կլինի մասայական արտադրության համար:

ArmTab_photo

Երեկ բացի ArmTab-ի նմուշի ցուցադրությունից, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է 2015 թվականից ԱրմԹաբ պլանշետները ներդնել նաև ՀՀ կրթական համակարգում: «Յուրաքանչյուր աշակերտին 1 պլանշետ» ֆորմատով կիրականացվի  ArmTab պլանշետների կրթական առաքելությունը:

ArmTab-ի արտադրությունն իրականացնող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, որը 2013թ. դեկտեմբերին դարձավ «Այլանս» ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին արտադրական ընկերությունը, արդեն իսկ համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ՝ մշակելու ԱրմԹաբ պլանշետում ներկառուցվող հայկական օպերացիոն համակարգ և կրթական հավելվածներ:

2014-02-04 13.54.57

Մասնավորապես` ԱրմԹաբ պլանշետներում ներդրվելու է «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը՝ «Ոստան» օգտագործողի միջավայրով, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:

«Այս պահին ԱրմԹաբ-ը գտնվում է դեռևս մշակման փուլում: Մենք իրականացնում ենք ծրագրային ապահովումը: Այժմ դուք կարող եք տեսնել 4 կրթական հավելված՝ ռոբոտաշինություն, ազգային պարեր, գրաբար, խոսող գիրք», – ցուցադրեց itTREND.am-ին «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը:

2014-02-04 15.20.24

ArmTab-ի նախագծմանն աջակցում է նաև Minno Tablet ընկերությունը: Երեկ կայացած շնորհանդեսին ընկերության նախագահ Էրիկ Ռայենը նշեց, որ Minno Tablet-ը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանում արդեն իսկ կարելի է ձեռք բերել Minno 8 պլանշետները «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման կենտրոններում: Minno-ի Android ինտերֆեյսն ամբողջությամբ մշակվել է հայաստանցի ծրագրավորողների կողմից:

ArmTab_ photos5

ArmTab_photo3