HTC-ն 2014-ին կներկայացնի կրելի խելացի սարքեր

HTC logoHTC թայվանական ընկերությունը մտադիր է 2014-ին սկսել կրելի սարքերի արտադրություն: Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Չեր Վանգը Bloomberg-ի հետ հարցազրույցում: Այս կերպ նա հաստատել է մամուլում վերջին շրջանում տարածվող լուրերն այն մասին, որ HTC-ն նույնպես մուտք կգործի կրելի սարքերի շուկա:

«Մենք մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում ենք խելացի ժամացույցներ և ընդհանրապես կրելի սարքեր արտադրելու նպատակահարմարությունը: Սակայն մենք խնդիր էինք դրել նախ լուծել մարտկոցի և LCD էկրանի հարցը»,- նշել է նա:

Չեր Վանգը սակայն չի նշել, թե ներկա պահին ինչ կրելի սարքի նախագծման շուրջ է աշխատում HTC-ն: Նշենք, որ կրելի սարքեր այսօր թողարկում են Samsung-ը, Sony-ն և մի շարք այլ ընկերություններ: Մասնավորապես հիմնական շեշտը խելացի ժամացույցներն են, որոնք սինքրոնիզացվում են սմարթֆոնների հետ:

Աղբյուրը՝ cnet.com