Beeline կապի ծառայությունների համար կարելի է վճարել առցանց անմիջապես MasterCard և Visa բանկային քարտերի միջոցով

beeline«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և «Ամերիաբանկ» ՓԲԸ հայտարարում են Beeline  բաժանորդների համար առցանց վճարումների ծառայության մեկնարկի մասին։

«ԱրմենՏել» ընկերության հաճախորդներին այսուհետ ընձեռվում է հնարավորություն Beeline բոլոր ծառայությունների համար  կատարել վճարումներն առցանց` MasterCard  և VISA բանկային քարտերով։ Կապի ծառայությունների համար առցանց վճարումներն իրականացվում են www.beeline.am կայքում։ Վճարումն իրականացնելու համար բաժանորդը պետք է ունենա ցանկացած բանկի MasterCard կամ Visa բանկային քարտ, ավելին` նույնիսկ անհրաժեշտություն չկա, որպեսզի քարտապանը գրանցի վիրտուալ քարտ։ Այս ծառայությունից կարող են օգտվել նաև  բոլոր նրանք, ովքեր ունեն ArCa վիրտուալ քարտ։

«ԱրմենՏել» ընկերության և «Ամերիաբանկ»-ի այս համատեղ քայլը կարելի է համարել լուրջ ներդրում Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում։ Առցանց վճարումների ծառայության մեկնարկը մեր գործընկերոջ հետ համատեղ ուղղված է  Beeline ծառայություններն առավելագույնս հարմար դարձնելուն, քանի որ այժմ կապի ծառայությունների համար կարող են վճարել MasterCard և Visa բանկային քարտերի քարտապանները, նույնիսկ առանց վիրտուալ քարտի գրանցման»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարևորելով անկանխիկ գործառնությունների զարգացումը` Ամերիաբանկը մշակել է ծրագրային գործիք vPOS (վիրտուալ տերմինալ), որը հեշտացնում է առցանց առևտուր իրականացնող կայքերում VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա սպասարկումը: «ԱրմենՏել»-ի և «Ամերիաբանկ»-ի  համատեղ նախաձեռնությունը նոր հնարավորություն է ստեղծում Beeline բոլոր ծառայությունների վճարներն առցանց ընդունելու համար: Առցանց գործարքների բարձր անվտանգությունն ապահովված է VbV (Verified by VISA) և  3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով»,-նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Առցանց վճարումների ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը, վճարման չափը և իր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։

Ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Ամերիաբանկը ստացել է Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագիր, որը հնարավորություն է տալիս VISA, MasterCard և ArCa քարտերով  էլեկտրոնային առևտրի կայքերում ընդունել վճարումներ` Visa-ի Verified տեխնոլոգիական ապահովման միջոցով: