Apple-ը գործարկել է CarPlay համակարգը

Apple carplayApple ընկերության նախագծողները վերջապես ավարտել են իրենց նոր և երկար սպասված արտադրանքի շուրջ աշխատանքները: Խոսքը CarPlay համակարգի մասին է, որը թույլ է տալիս ավտոմեքենա վարելիս օգտվել iPhone սմարթֆոնից՝ առանց ճանապարհից շեղվելու:

Նոր CarPlay համակարգի անոնսը Apple-ը կատարել է օնլայն՝ իր պաշտոնական կայքում և մամլո հաղորդագրությամբ, որտեղ նշում է, որ CarPlay-ի պաշտոնական շնորհանդեսը կանցկացվի այս շաբաթվա ընթացքում Ժնևում:

CarPlay-ը աշխատում է Siri ձայնային օգնականի միջոցով, այսինքն կարիք չկա հեռախոսը վերցնել կամ էկրանին նայել: Մի շարք ձայնային հրամանների միջոցով հնարավոր կլինի կատարել և ընդունել զանգեր, թելադրել ՍՄՍ հաղորդագրություն կամ ընտրել երգ՝ լսելու համար: Ինչպես նախորդ տարի WWDC կոնֆերանսի ժամանակ հայտնել էին ընկերության նախագծողները, համակարգում ներառված են լինելու Apple-ի քարտեզներ հավելվածը: CarPlay-ում հնարավոր կլինի ավելացնել նաև այլ հավելվածներ, օրինակ՝ Spotify կամ Beats Radio:

Առաջին ընկերությունները, որոնց ավտոմեքենաներում հնարավոր կլինի տեղադրել Apple-ի նոր համակարգը, կլինեն Ferrari, Honda, Hyundai, Jaguar, Mercedes-Benz և Volvo ավտոարտադրողները: CarPlay-ը հասանելի կդառնա iOS7-ի հերթական թարմացման ժամանակ:

Աղբյուրը՝ apple.com