Ստեղծվել են աշխարհի ամենաբարակ LED-տարրերը

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ստեղծել են լուսադիոդների աշխարհի ամենաբարակ տարրերը, որոնք կարող են օգտագործվել ինչպես էկրաններ ստեղծելու, այնպես էլ համակարգչային չիպերում: Հաղորդում է e! Science News կայքը՝ հղում անելով Nature Nanotechnology ամսագրին:

led

Տարրերը ստեղծվել են վոլֆրամի հարթ կիսահաղորդիչների հիման վրա, որոնց հաստությունն ընդամենը երեք ատոմ է: Ներկայիս սարքերում հիմնականում օգտագործվում են եռաչափ LED-եր, որոնց հաստությունը 10-20 անգամ մեծ է: Դոցենտ Հիադոնգ Հուի խոսքով՝ նոր տեխնոլոգիայով ստեղծված LED-տարրերը լայնորեն կարող են կիրառվել էլեկտրոնային սարքերում՝ զգալիորեն փոքրացնելով դրանց չափսերը:

Այդպիսի տարրերի շնորհիվ հնարավոր կլինի նաև ստեղծել համակարգչային չիպեր, որոնք կլինեն ավելի էներգախնայող և շատ չեն տաքանա, քանի որ հոսանքի փոխարեն օգտագործում են լույսը:

Ներկա պահին գիտնականների խումբը կատարելագործում է տեխնոլոգիան և ուսումնասիրում ատոմային մի քանի շերտերից կազմված նյութերի հատկությունները:

Աղբյուրը՝ esciencenews.com