Google-ը ներկայացրել է Android Wear համակարգը՝ նախատեսված կրելի սարքերի համար (վիդեո)

android-wear

Ինտերնետ հսկա Google ընկերությունը ներկայացրել է Android Wear համակարգը. այն Android ՕՀ-ի ադապտացված տարբերակն է կրելի սարքերի համար, մասնավորապես, վերջին շրջանում ակտիվ զարգացող «խելացի» ժամացույցների համար: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Հիշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Google-ը պատրաստվում է թողարկել կրելի սարքերի համար SDK՝ ԾԱ նախագծելու գործիքների փաթեթ:

Android-ի և Chrome-ի ղեկավար Սունդար Պիչայի խոսքով, Google-ն աշխատում է Asus,HTC, LG, Motorola և Samsung արտադրողների հետ Android Wear-ով «խելացի» ժամացույցների թողարկման համար, որոնց թողարկումը սպասվում է 2014-ին:

Նոր ՕՀ-ն այնպես է հարմարեցված, որպեսզի օգտագործողները ստանան ամենակարևոր տեղեկությունները՝ ժամը, եղանակը, հաղորդագրությունները, հիշեցումները, ընկերների գործունեությունը սոցցանցերում և այլն: Հիմնական առանձնահատկությունը ձայնային կառավարումն է: Անհրաժեշտ է սարքի հետ զրույցը սկսել “Ok, Google” արտահայտությամբ: Համակարգը նաև համատեղելի է լինելու մի շարք սենսորների հետ, այդ թվում՝ բիոմետրիկ:

Նախագծողներն այսօրվանից կարող են ներբեռնել Android Wear-ը, որպեսզի այն ադապտացնեն գոյություն ունեցող «խելացի» ժամացույցների հավելվածներին:

Աղբյուրը՝ googleblog.blogspot.com