Ինչպես սմարթֆոնով սկանավորել և պահպանել փաստաթղթերը PDF ֆորմատով

Եթե ձեռքի տակ սկաներ չկա, սակայն անհրաժեշտ է արագ թվայնացնել որևէ փաստաթուղթ, ապա կարող եք օգտագործել Android-սմարթֆոն:

Ներկայացնում ենք մի քանի հավելվածներ, որոնք կփոխարինեն սկաներին և թույլ կտան պահպանել փաստաթուղթը PDF ֆորմատով: Պարզ է, որ նկարի որակը մեծապես կախված  կլինի Ձեր հեռախոսի տեսախցիկի հնարավորություններից:

CamScanner

camscanner

CamScanner-ը փաստաթղթերը սկանավորելու ամենատարածված հավելվածներից է: Այն կարողանում է կտրել և այլ գործիքներով խմբագրել արված լուսանկարը, պահպանել այն JPEG կամ PDF ֆորմատով: Գրանցված օգտագործողները կարող են նաև օգտվել նկարն ամպային ռեժիմում պահպանելու հնարավորությունից:

Պրեմիում-հաշվից օգտվելիս ($4,99 ամսական կամ $40 տարեկան) կարելի է  օգտվել հավելյալ հնարավորություններից, այդ թվում՝ տեքստի ճանաչումից:

Google Drive

drive

Google Drive-ը հիմնականում օգտագործվում է որպես ամպային ծառայություն, որտեղ կարելի է պահպանել ֆայլերը, սակայն այն կարելի է կիրառել որպես սկաներ:

Հավելվածի գլխավոր պատուհանում կտեսնեք ՛՛Սկանավորել՛՛ կոճակը: Լուսանկարն անելուց հետո հավելվածը կլավացնի դրա որակը, կկտրի սպիտակ ծայրերը: Լուսանկարի PDF ֆորմատը միանգամից կվերբեռնվի Drive և հասանելի կլինի ցանկացած սարքից:

Իսկ ամենակարևորն այն է, որ այստեղ կա տեքստի ճանաչման ֆունկցիա, այնպես որ կարող եք խմբագրել նաև տեքստը, պահպանել այն այլ ֆորմատներով:

Genius Scan 

genius

Սա բավական պարզ հավելված է, սակայն շատ արդյունավետ կատարում է առաջադրված խնդիրը: Ունի նկարի խմբագրման, կտրման և այլ ֆունկցիաներ: Հավելվածի վճարովի տարբերակը ինտեգրված է Box, Dropbox, Evernote և այլ ամպային ծառայությունների հետ:

Իսկ վերջում կիսվենք փաստաթղթեր լուսանկարելու մի քանի խորհուրդներով:

  • Մի լուսանկարեք փաստաթղթերն անկյան տակ, այդպես որոշ մասեր կարող են դուրս մնալ ֆոկուսից:

  • Փորձեք հնարավորինս փաստաթուղթը տեղավորել էկրանին՝ առանց բաց հատվածներ թողնելու:

  • Ապահովեք լավ լուսավորություն, որպեսզի նկարը հստակ լինի:

  • Եթե փաստաթուղթը պլաստիկ ֆայլի մեջ է, ապա հանեք այն, որպեսզի լույսի արտացոլանք չլինի: