Google-ը պաշտոնապես ներկայացրել է առաջին Ara սմարթֆոնը

Google ընկերությունը իր գլխամասային գրասենյակում անցկացրել է Ara մոդուլային սմարթֆոնի բաղադրիչ մասերի նախագծողների համար նախատեսված առաջին կոնֆերանսը, որին մասնակցել է մոտ 200 մարդ: Կոնֆերանսը վարել է Ara նախագծի ղեկավար Պոլ Երեմենկոն:

Հիշենք, որ Ara-ն մոդուլային սմարթֆոն է՝ բաղկացած մի հիմքից, որից վրա հավաքվում են մնացած շարժական մոդուլները՝ էկրանը, պրոցեսորը, հիշողությունը, մարտկոցը, ֆոտոխցիկը, ցուցիչները և այլ մասերը: Մոդուլները թույլ են տալիս օգտագործողին հավաքել սեփական կարիքներին համապատասխան սմարթֆոն, բացի դրանից որևէ մոդուլի/մասի փչանալու դեպքում, այն կարելի է հանգիստ փոխարինել նորով: Հիմնական հիմքին մոդուլների միացումը կատարվում է անընդհատ էլեկտրականությամբ հագեցած մագնիտների միջոցով:

Google-ը նախագծում է Ara սմարթֆոնի երեք տարբերակ՝ 3 տարբեր չափսերի՝ փոքր, միջին և մեծ: Կախված սմարթֆոնի չափսից, կարելի է վերջինիս ամրացնել տարբեր քանակությամբ մոդուլներ: Կոնֆերանսի ժամանակ ցուցադրվել է միջին չափսի օրինակ՝ չափսերով մոտ Samsung Galaxy S5 սմարթֆոնին:

Հիշենք, որ Ara-ի նախագծմամբ զբաղվում է Google-ի նորարարական հետազոտությունների ATAP բաժինը, որն անցավ ինտերնետ հսկային Motorola Mobility-ն գնելիս: Ավելի վաղ ապրիլին Google-ը թողարկեց Ara-ի առաջին ուղեցույցը, որի վրա հիմնվելով անկախ նախագծողները կարող են սկսել սարքի համար առաջին մոդուլների նախագծումը:

Նախագծի ղեկավար Պոլ Երեմենկոյի խոսքով 2015թ. հունվարին ընկերությունը նախատեսում է թողարկել այսպես կոչված Grey Phone՝ Ara-ի ամենամինիմալ մոդուլներով առաջին տարբերակը, որը հագեցած կլինի էկրանով, պրոցեսորով և Wi-Fi մոդուլով: Սպասվում է, որ սարքի ինքնարժեքն է լինելու 50$: