Շուշիում կկայանա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում

UITEԻնֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, նպատակ հետապնդելով խթանել տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղում, արդեն 4-րդ անգամ կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում: Միջոցառումը կկայանա Շուշի քաղաքում ապրիլի 19-20-ը:

Այս անգամ ֆորումի օրակարգային հարցերից են Արցախի ներդրումային միջավայրի ու զարգացման հնարավորությունները, տեխնոլոգիական կրթության և աշխատուժի խնդիրները, տեխնոլոգիական ընկերությունների և արտադրական ենթակառուցվածքների համագործակցությունը: Միջոցառման ընթացքում Արցախում արդեն իսկ գործող տեխնոլոգիական ընկերությունները կներկայացնեն իրենց փորձը և կկիսվեն հաջողության պատմությամբ:

Միջոցառմանը կմասնակցեն ՏՀՏ/ԲՏ ոլորտի մի շարք ընկերություններ, ԼՂՀ բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ պետական պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց 2010 թվականի  հոկտեմբերի 9-10-ը: Այն նվիրված էր Հայաստանում և Արցախում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին: