Truthly.me` հայկական սթարտափը համացանցի նոր թրենդ (հարցազրույց)

Truthly teamՇատերը նկատած կլինեն Facebook սոցցանցում ընկերների կողմից նման գրառումներ՝ “Hey there! my Truth key is 34641. You can tell me something that you can’t say to my face.”: Եթե գոնե մեկ անգամ սեղմել եք այս գրառմամբ հղման վրա, ապա միանշանակ ծանոթ եք truthly.me «գաղտնի» սոցցանցին:

Truthly.me-ն ստեղծվել է հայ նախագծողներ Հրաչյա Մանուկյանի և Ալեքսանդր Ադամյան կողմից: Այն սոցցանց է, որը հնարավորություն է տալիս անանուն հայտնել կարծիքներ՝ ուղղված ծանոթներին կամ ընկերներին: Այլ կերպ ասած՝ գրել և ասել այն, ինչը չեք կարողանում ասել ուղիղ՝ սիրո խոստովանություններից մինչև բացասական կարծիքներ:

itTREND.am-ի հետ զրույցում Truthly-ի հեղինակ Հրաչյա Մանուկյանը կիսվեց սոցցանցի գաղափարի, նպատակների և առաջիկայում սպասվող նորությունների մասին:

Ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել truthly.me-ն

Truthly.me-ի շուրջ սկսվեցինք աշխատել 2013թ-ի հունվարին, իսկ կայքի առաջին բեթա տարբերակը հասանելի դարձավ 2013-ի օգոստոսին: Միտքը ծնվել էր 2012-ին, երբ ընկերներիցս մեկին ցանկանում էի հայտնել մի բան, որը ուղիղ ասելու դեպքում, միգուցե սխալ հասկացվեր: Հենց այդ ժամանակ հասկացա, որ շատ լավ կլիներ, եթե կարողանայի կարծիքս հայտնել անանուն: Գաղափարովս կիսվեցի ուսանողական տարիների ընկերոջս՝ Ալիկի հետ, ով այդ պահին ուներ բիզնեսի և ՏՏ ոլորտում պրոֆեսիոնալ գիտելիքներ: Միտքը նրան նույնպես դուր եկավ և միասին սկսեցինք լուծումներ փնտրել:

Truthly.me-ն նախագծելիս, երկու կարևոր սկզբունք ենք հաշվի առել: Նախ ապահովել, որ անանուն կարծիքներ կարողանան հայտնել միայն իրար ծանոթ մարդիկ և երկրորդ՝ մարդիկ չվախենան «բռնվելուց», այլ կերպ ասած՝ ապահովել անանունության գաղտնիություն:

Որքա՞ն օգտագործող ունի ներկա պահին սոցցանցը

Այս պահին Truthly.me-ում գրանցված է մոտ 5000 մարդ: Իրականում այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, եթե մի փոքր նախագծի մարքեթինգով զբաղվենք, քանի որ մեծ պոտենցիալ կա: Օրինակ՝ Ռուսաստանից 3 օրում կայքում գրանցվեց 2000 մարդ՝ առանց մեր կողմից որևէ միջամտության: Պարզապես Facebook-ում օգտագործողները տարածում էին իրենց «բանալի համարը» և ընկերները գրանցվում էին:

Ըստ ակտիվ օգտագործողների աշխարհագրության՝ վիճակագրությունն այսպես է՝ Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Գերմանիա, Իսրայել, Վրաստան, և այլն:

Truthly.me օգտագործողներն օրական որքա՞ն հաղորդագրություններ են իրար ուղարկում

Օրական հաղորդագրությունների հստակ թիվ չենք կարող նշել, սակայն կարող ենք ասել՝ մի քանի տասնյակ:

screnshot

Եթե չեմ սխալվում արդեն մեկ անգամ ինտերֆեյսի ռեդիզայն եք արել, նոր փոփոխություններ սպասվու՞մ են

Փոփոխություններ շատ են լինելու (թե՛ արտաքին և թե՛ ֆունկցիաների համալրման), սա ընդամենը բեթա տարբերակ է: Անընդհատ նոր բաներ ենք մտածում և փորձարկում: Օրինակ այս պահին գրեթե պատրաստ է ընկերների ինչ-որ հատկանիշները կամ գործողությունները գնահատելու նոր ֆունկցիան: Ձեր էջում ժամանակ առ ժամանակ կհայտնվեն տարբեր հարցեր: Օրինակ՝ «Քեզ դո՞ւր են գալիս Ալինայի ֆեյսբուքյան գրառումները» կամ «Քո կարծիքով Ալինան պատասխանատո՞ւ մարդ է»: Պետք է պատասխանել «Այո» կամ «Ոչ»: Իսկ վերջում Ալինային հաղորդագրություն կգնա այն մասին, որ իր ընկերների 73%-ը կարծում են, որ նա պատասխանատու մարդ է կամ իր ընկերները 90%-ին դուր չեն գալիս նրա ֆեյսբուքյան գրառումները: Կարծում ենք, սա հնարավորություն կտա մարդկանց ինքնակատարելագործվել:

Ե՞րբ է սպասվում Truthly.me-ի բջջային Android կամ iOS հավելված

Բջջային հավելված ունենալն առաջնային խնդիր է այս պահին: Truthly-ն որպես բջջային հավելված, կարծում ենք, մի քանի տասնյակ անգամ ավելի ակտիվ կլինի վեբ տարբերակից, քանի որ սմարթֆոնում կա ծանուցումներն օպերատիվ ստանալու մեխանիզմ և ի վերջո սմարթֆոնը միշտ «ձեռքի տակ է»: Կարծում եմ այս տարվա ընթացքում մենք կգործարկենք Truthly.me-ի թե՛ Android և թե՛ iOS տարբերակները

Ինչպիսի՞ն է Truthly.me-ի բիզնես մոդելը

Իրականում Truthly-ն գործիք է ոչ միայն անհատների, այլ նաև բիզնեսների համար: Վերջիններիս համար այն կլինի վճարովի: Այսինքն, հասանելի կլինեն բիզնես account-ներ, որոնք լրացուցիչ ֆուկցիաներով հարմարեցված կլինեն բիզնեսներին: Truthly-ն հնարավորություն կտա ընկերությունների մենեջմենթին անանուն կարծիքների և հարցումների միջոցով իմանալ, թե ինչ է կատարվում ընկերության ներսում: Նաև կգործի աշխատողների մասնագիտական ունակությունները գնահատելու մեխանիզմ:

Այս մասին երկար չեմ ուզում պատմել, քանի որ ներկա պահին մենք հանդիպում ենք ընկերությունների տնօրենների և HR ներկայացուցիչների հետ և փորձում ենք հասկանալ, թե որքանո՞վ է ճիշտ ընտրված այս բիզնես մոդելը: Միայն զրույցներից հետո պարզա կդառնա Truthly-ի B2B մոդելը:

Դե իսկ մոնետիզացիան անհատների համար լինելու է լրացուցիչ՝ պրեմիում ֆունկցիաների տեսքով: