Google-ի Project Tango սմարթֆոնը կօգնի դրոններին ճիշտ կողմնորոշվել (վիդեո)

Փետրվարին Google-ը ներկայացրել էր բավական հետաքրքիր սմարթֆոնի նմուշ՝ Project Tango-ն՝ հագեցած հատուկ սարքավորումներով՝ խորության սենսորով, տեսախցիկներով, պատկերի մշակման Movidius Myriad 1 երկու պրոցեսորներով: Վերջինս գրավեց մի շարք ռոբոտաշինությամբ զբաղվող նախագծողների ուշադրությունը, այդ թվում և NASA-ի (վերջինիս Spheres ռոբոտները՝ հագեցած Project Tango սմարթֆոններով տիեզերք կուղարկվեն արդեն ամռանը):

Պենսիլվանիայի համալասարանի GRASP Lab լաբորատորիայի հետազոտողները Project Tango-ն որոշել են օգտագործել խելացի ռոբոտ-ուղղաթիռներում: Վերջինս օգտագործում է  Tango-ի տեսախցիկները և պրոցեսորը շրջակա միջավայրի եռաչափ պատկերի ստեղծման և վերլուծության համար:

Տեսականորեն սա դրոնին պետք է հնարավորություն տա կատարել բարձր ճշգրտությամբ դիրքավորում՝ անգամ GPS ալեհավաքի բացակայության դեպքում:  Դիտելով փորձարկման տեսանյութը՝ ամեն ինչ կատարյալ աշխատում է: Դրոնը, անկախ բոլոր ճնշումներից, մնում է հանձնարարված կետում: Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա ապագա դրոններին ճիշտ փոխազդել շրջակա միջավայրի հետ, հատկապես, եթե դրանք օգտագործվեն ապրանքների առաքման ոլորտում: