«ԲարՔեմփ Երևան 2014»-ին ակնկալվում է մոտ 2000 մասնակից

BarCamp yerevan 2014

Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի ամենամյա տեխնոլոգիական միջոցառում, ՏՏ ոլորտի ամենամեծ (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2014»-ը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում պաշտոնապես հայտնեցին միջոցառման կազմակերպիչները և գլխավոր հովանավոր Ucom ընկերությունը:

Արդեն 6-րդ անգամ անցկացվող ԲարՔեմփ Երևանի կազմակերպիչներն այս տարի ակնկալում են մոտ 2000 մասնակից: «Մենք ներկա պահին ունենք ավելի քան 1200 գրանցված մասնակից: Նախորդ տարի մասնակիցների թիվն անցավ 1500-ը, այս տարի ակնկալում ենք մասնակիցների աճ»,- նշեց ԲարՔեմփ Երևանի կազմակերպչական թիմի անդամ, դիզայներ Վաձ Ղազարյանը:

Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել` մասնակցելով ԲարՔեմփի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացներին, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով, քննարկել համացանցային տեխնոլոգիաներ, ծրագրավորման կիրառական խնդիրներ և այլն:

«Այս տարի նույնպես մենք ունենք հատուկ հյուրեր: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել Շտեֆան Թոմասին, ով Բիթքոին էլեկտրոնային արժույթի հիմնադիրներից է»,- նշեց կազմակերպչական թիմի անդամ Հարութ Մարտիրոսյանը:

«ԲարՔեմփ Երևան 2014»-ի պաշտոնական կայքում հասանելի կլինի ուղիղ հեռարձակում չկոնֆերանսի երեք սենյակներից: Միջոցառման պաշտոնական թեգն է #barcampevn14 :

«ԲարՔեմփ Երևան 2014»-ի գլխավոր հովանավորն է Ucom ընկերությունը: Հովանավորներն ու գործընկերներն են PicsArt ընկերությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս):

Նշենք, որ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը 5 տարիների ընթացքում հյուրընկալել է մասնագետների այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են ինտերնետ հսկա Google-ը, Opera Software-ը, BBC-ն և այլն:

Հիշենք, որ «ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։