Apple-ը պաշտոնապես ներկայացրեց iOS 8-ը

Երեկ մեկնարկած ամենամյա Apple նախագծողների կոնֆերանս WWDC-ի ժամանակ ընկերության ղեկավար Թիմ Կուկն առանց երկարացնելու շտապեց հայտնել iOS բջջային օպերացիոն համակարգի նոր՝ 8-րդ տարբերակի թողարկման մասին:

apple-wwdc-ios 8

iOS 8-ը նախագծվել է իր նախորդ սերնդի iOS 7-ի փիլիսոփայությամբ և հատկանիշներով: Առաջին փոփոխութունը, որի մասին պատմեցին ձգվող «Ծանուցումների կենտրոնն» է, որում արդեն հնարավոր կլինի ստանալ ցանկացած տեսակի ծանուցում և անմիջապես պատասխանել դրանց: Բացի դրանից, այստեղ կցուցադրվեն նաև վերջին զրույցների կոնտակտների ավատարները:

apple-wwdc-ios 8 02

Ապաարգելափակման էկրանին հայտնվել է նաև «Օրացույցը», որը հնարավորություն կտա ավելացնել իրադարձություններ՝ առանց էկրանն ապաարգելափակելու: Փոքր ինչ փոփոխվել է սովորական փոստային հավելվածի ինտերֆեյսը:

apple-wwdc-ios 8 03

Թարմացվել է նաև iOS-ի որոնողական Spotlight հավելվածը: Այժմ վերջինիս շնորհիվ կարելի է հավելվածներ որոնել միանգամից App Store-ում, ինչպես նաև որոնել երաժշտություն, ֆիլմեր և այլ բովանդակություն iTunes Store-ում, Wikipedia-ում և այլն: Անգամ կարելի է որոնում անել միանգամից Safari դիտարկչում:

apple-wwdc-ios 8 04

iOS 8-ը համալրվել է QuickType ֆունկցիայով: Այն հնարավորություն է տալիս կատարել տեքստի արագ մուտք՝ ձայնային թելադրությամբ:

iMessage հաղորդագրությունների ծառայությունը նույնպես համալրվել է նորույթներով: Այսուհետ խմբային հաղորդագրություններին կարելի է անվանում տալ: Բացի դրանից այսուհետ հնարավոր է կիսվել ընկերների հետ Ձեր գտնվելու դիրքով:

apple-wwdc-ios 8 5

iOS 8-ը համալրվել է նաև iCloud Drive ամպային ծառայությամբ: Այսպես ընկերությունը կսկսի մրցակցել Dropbox և այլ նման ծառայությունների հետ:

apple-wwdc-ios 8 07

Ինչ վերաբերում է լուսանկարներին, ապա այժմ Ձեր ցանկացած iOS սարքով կատարված լուսանկարները կսինխրոնիզացվեն iCloud: Ամենահաճելին այն է, որ կարելի է լուսանկարները խմբագրել ոչ միայն ստանդարտ մի քանի ֆիլտրերով, այլ կատարել իրական մշակում՝ փոխել պայծառությունը, կոնտրաստը և մի շարք այլ պարամետրեր: iCloud Drive-ը կտրամադրի 5Գբ անվճար ծավալ, 20Գբ-ն ամսական կարժենա 0.99 ցենտ, իսկ 200Գբ-ն՝ 3.99 դոլար:

apple-wwdc-ios 8 08

Աղբյուրը և լուսանկարները՝ The Verge