Google Play հավելվածների խանութում բացվել է Android Wear բաժին

Google ընկերությունը հայտարարել է, որ իր հավելվածների խանութում այսուհետ կարելի է գտնել կրելի սարքերի Android Wear օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածներ: Հիշեցնենք, որ բացի Android-սմարթֆոնների ծանուցումները ցուցադրելուց՝ Android Wear-ը թույլ է տալիս ստեղծել հավելվածներ, որոնցից կարելի է օգտվել անմիջապես թևնոցից կամ ժամացույցից:

wear

Ինչպես հաղորդում է Google-ը, նախագծողներին հասանելի են Android-ի գրեթե բոլոր API-ները, որոնք թույլ են տալիս ստեղծել սեփական ինտերֆեյսներ, օգտագործել սենսորները, ձայնային հրահանգները և փոխանակվել տվյալներով սմարթֆոնների, պլանշետների և այլ տեխնիկայի հետ:

Android Wear-ի համար արդեն հասանելի են այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Contacts+-ը, որի միջոցով հեշտանում է բոլոր կոնտակտների հավաքումը մի տեղ, Onefootball Brasil World Cup-ը, որը թույլ է տալիս հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության տվյալներին, Player FM Podcast and Sync-ը, Pinterest-ը, Google Maps-ը և Google Hangouts-ը:

Աղբյուրը՝ google.com